11:56 , 18 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում միայն Ադրբեջանի պետական լրատվական «Azertag» գործակալությունը հրապարակել է թվով 24 նյութ (մյուս լրատվական աղբյուրներին չեմ անդրադառնում), որոնցում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Այս մասին գրել ՝է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Նյութերի վերլուծությունը տալիս է հետևյալ պատկերը՝
«Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Ադրբեջանի պետական քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում կազմակերպվում են գիտաժողովներ, ուսումնական ծրագրեր, երիտասարդական ճամբարներ և ցուցահանդեսներ։ «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» ներկայացվում է որպես հիմնական «ազգային նպատակ»։ Սրա մասին ուղիղ տեքստով խոսում են պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։
Իլհամ Ալիևը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թեման մշտապես ներկայացնում են որպես «իրավական, պատմական և բարոյական պարտավորություն»՝ այն ներառելով ուսումնական ծրագրերում, ֆոլկլորային հետազոտություններում, արվեստում և հասարակական դիսկուրսում՝ Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջները «օրինաչափ» ու «բնական» դարձնելու համար։
Արվեստի, գրականության և պատմական գիտությունների միջոցով «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացվում է որպես ադրբեջանցիների նախնիների հայրենիք։ Ժողովրդական բանահյուսության հավաքածուները, նկարչական մրցույթները և վիրտուալ ցուցահանդեսները շեշտադրում են հայկական տարածքների «պատկանելիությունը ադրբեջանցիներին», ենթադրյալ «ադրբեջանական» մշակութային վայրերի ոչնչացումն ու տեղահանությունները՝ հայերին ներկայացնելով որպես «բռնազավթիչներ» և «ցեղասպաններ»։ Մշակութային թեմաների ներքո առաջ են քաշվում անթաքույց տարածքային պահանջներ։
Ադրբեջանը հղում է կատարում միջազգային իրավունքին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներին և մարդու իրավունքների շրջանակներին՝ վերադարձի «իրավունքը» պաշտպանելու համար՝ Հայաստանին վերագրելով կոլեկտիվ պատասխանատվություն ենթադրյալ հանցագործությունների և ավերածությունների համար։ Սա ներկայացվում է որպես արդարադատության հարց՝ նպատակ ունենալով միջազգային մակարդակով օրինականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահանջները՝ միաժամանակ կապելով պատմությունը ժամանակակից դիվանագիտության և պատերազմից հետո բանակցությունների հետ։ Չեն խորշում այս ամենի մեջ ներառել նաև Թրամփի անունը և օգոստոսի 8-ի հռչակագրերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: