Մալաթիայում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի


18:12 , 17 դեկտեմբեր, 2025
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, վարորդը՝ Երևանի բնակիչ 77-ամյա Գ․ Գևորգյանը, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանը, պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Վարդան Բարսեղյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվում։