Ուկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար․ Նիդեռլանդների պաշտպանության նախարար


23:43 , 16 դեկտեմբեր, 2025

Ուկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար, հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

Նա իր սոցցանցերի էջերում բացահայտել է Ուկրաինային տրամադրված վերջին օգնության մանրամասները։

«Ես հայտարարում եմ մեր վերջին աջակցության մասին՝ 700 միլիոն եվրո անօդաչու թռչող սարքերի և 250 միլիոն եվրո ամերիկյան զենքի համար։ Մենք բոլորս պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ Ուկրաինայի բանակցային դիրքը ամրապնդելու համար», - գրել է նա։

Նա հավելել է, որ աջակցություն տրամադրելու որոշումը կայացվել է «չնայած դիվանագիտական ոլորտում զգալի առաջընթացին», քանի որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, և Ուկրաինան «մեր ռազմական օգնության կարիքն ունի»։