12:20 , 15 դեկտեմբեր, 2025
Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․ սպասում էի հաստատման ու փաստական տվյալների։ Երկու օր առաջ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակեց լուսանկարներ։ Նորություն չէ, որ Սաֆարովը հենց պետության կողմից արժանացել է թոշակի իր «սխրանքի» համար, ունի բնակարան, լիովին ապահովված է, համարվում է «հերոս»։
Այստեղ մեկ այլ լուր է ինքնին նորություն․ ի՞նչ է սրանով մեզ ասում ադրբեջանական պետությունը, կոնկրետ՝ ղեկավարությունը․ ասում է՝ հայեր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելու ենք, էդ երեք պարկ «գարին» ու երկու «կանեստըր» բենզինը ուղարկում ենք, որ ձեր կառավարության բերանում լեզու դնենք «խաղաղության» թատերաշրջանի հերթական սեզոնը խաղալու համար, բայց միաժամանակ ձեզ շատ ուղիղ ասում ենք՝ մեզ մոտ քնած հային կացնահարողը «հերոս» է, մեզ մոտ ատելություն քարոզվել է ու շարունակում է քարոզվել պետական մակարդակով, մեզ մոտ Ալիևի ուղիղ հրահանգով ձեր պետությունը համարվում է «մեր պատմական հողը», որի հետևից մենք մի օր գալու ենք, դրա համար էլ շարունակում ենք զինվել։ Սա ասվում է մեզ ուղիղ, հստակ, առանց այլևայլությունների։ Հիմա արդեն հայ հանրության գիտակցությունից է կախված՝ իրենք կորոշեն խաբնվել երեք պարկ բրնձին, թե ուղղակի կընկալեն իրենց ասված անթաքույց թշնամական խոսքը ու իրենց հաշիվը կքաշեն՝ այսինքն՝ կկառուցեն այնպիսի պետություն, որտեղ որևէ մեկի մտքով չանցնի, որ ՀՀ քաղաքացուն հասցված վնասը մնալու է անպատիժ, ավելին՝ պարգևատրվելու է…
Իմ համոզմամբ՝ չի կարելի ունենալ նման կանխատեսելի հակառակորդ ու մնալ անպատրաստ գալիք մարտահրավերների առաջ։ Անպատրաստ լինելը ուղղակի հանցագործություն է մեր պետության ու մեր քաղաքացիների հանդեպ։