Բյուրեղավանում 14-ամյա դպրոցականները վարագույր կախելու շուրջ վիճել են և ծեծել միմյանց


12:26 , 13 դեկտեմբեր, 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ 5-րդ մետակարպալ ոսկրի դիստալ մետաֆիզի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, իսկ ժամեր անց նույն վայրից համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ ծնողի ուղեկցությամբ բուժօգնության է դիմել ևս մեկ երեխա։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Ճ․-ն և 14-ամյա Ա․ Չ․-ն։ Նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Ռ․ Ճ․-ն և Ա․ Չ․-ն վերը նշված դպրոցում վարագույր կախելու հարցի շուրջ վիճաբանել են, որից հետո հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել։