Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ․ Օսկանյան


11:52 , 13 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Հայաստան 2025․ իմ տեսանկյունը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«2023-ին Արցախի վերջնական կորստից հետո մեզնից շատերը կցանկանային, որ Փաշինյանի կառավարությունը պարզապես անհետանար։ Բայց հույս ունենալ հասնել այդ արդյունքին՝ առանց գործնական միջոցների, անիմաստ է։ 2025-ի ավարտին իրական հույս է ձևավորվել, որ 2026-ը մեզ հնարավորություն կտա ընտրությունների միջոցով ազատվելու այս ձախողված ու ապաշնորհ կառավարությունից։ Հաշվի առնելով հանրային կարծիքի հարցումները և լայն հանրային տրամադրությունները՝ իշխանության մնալու համար Փաշինյանը ստիպված է լինելու ձևախեղել գործընթացը՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընթացքում, թե՛ հետո։

2025-ը սարսափելի էր Հայաստանի համար, ինչպես 2020-ից հետո բոլոր տարիները, սակայն մեկ կարևոր տարբերությամբ՝ բոլոր ճեղքերն ու բաժանումները՝ քաղաքական, տարածքային, դիվանագիտական, կրոնական, դատական, տնտեսական և բարոյական, խորացան։ Այն, ինչ նախկինում պարզապես ձախողում էր, այժմ կարծրացել է որպես փտախտ և դիտավորություն։

Տարվա ամենանշանակալի իրադարձություններից մեկն այն էր, որ Փաշինյանը և նրա արտգործնախարարը Ադրբեջանի հետ նախաստորագրեցին «խաղաղության համաձայնագիրը»։ Այդ փաստաթուղթը վերահաստատեց Հայաստանի զիջումները, իսկ Ադրբեջանի համար միջանցք կբացի Հայաստանի ամենակարևոր ռազմավարական շրջաններից մեկով։ Այն ոչ միայն խորհրդանշեց Արցախի կորստի պաշտոնական ընդունումն ու Բաքվում պահվող Արցախի քաղաքական առաջնորդներին ու մյուս գերիներին լքելը, այլև լուրջ կասկածի տակ դրեց Հայաստանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ինքնիշխան տարածքների վերադարձի հեռանկարը։ Ավելին, այս համաձայնագրի ստորագրումից հետո այն կդառնա նոր զիջումների և կորուստների իրավական հիմք՝ սահմանադրական փոփոխությունների, լրացուցիչ տարածքների հանձնման և բնակչության միակողմանի տեղաշարժերի ձևով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: