Երդվյալ ատենակալների ինստիտուտի մոդելի ներդրումը Հայաստանում բավական ռիսկային է. Գևորգ Եղիազարյան


09:48 , 12 դեկտեմբեր, 2025

«Իրավունք»-ի զրուցակիցն է Միացյալ Նահանգներում գործող փաստաբան, իրավաբան ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:

 Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ։ Նախ՝ ի՞նչ իրականում նկատի ունենք, երբ խոսում ենք «երդվյալ ատենակալների դատարանի» մասին եւ ի՞նչ առավելություններ եւ ռիսկեր է այն պարունակում։

— Եթե խոսենք կարճ եւ ուղիղ, ապա երդվյալ ատենակալների դատարանում քրեական գործի ամենակարեւոր հարցը՝ մարդու մեղավորությունը որոշում է ոչ թե դատավորն, այլ քաղքացիներից կազմված խումբը՝ երդվյալ ատենակալները։ Նրանք, եթե օրինակ վերցնենք քրեական իրավունքը, պատասխանում են մի շատ պարզ հարցի. «Այս մարդը մեղավոր է, թե՝ ոչ»։

Ինչպես գիտենք, ՀՀ դատաիրավական համակարգում վերոգրյալ հարցի պատասխանը տալիս է միայն դատավորը։ Դատավորն է, որ որոշում է մեղավորության առկայությունը, պատժի չափը, ապացույցների թույլատրելիությունը եւ շատ այլ նմանաբնույթ հարցեր։

Այս հարցերը բաժանվում են երկու խմբի՝ փաստական եւ իրավական։ Այ հենց փաստական հարցերի լուծումն է, որ ընդհանուր իրավունքի երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ է, դրված է ատենակալների վրա։ Փաստական հարցերի շրջանակը լայն է, այն ընդգրկում է ինչպես վերջնական մեղավորության կամ անմեղության փաստը, այնպես էլ միջանկյալ հարցեր՝ ինչպիսին կարող է լինել վկայի ցուցմունքի արժանահավատությունը կամ, ասենք, փորձագետի եզրակացությունը։

Եթե խոսենք առավելություններից եւ ռիսկերից, ապա դա բավական ծավալուն եւ հակասական թեմա է։ Միայն կարող եմ նշել, որ ի տարբերություն դասական դատարանների, երբ որոշողը մեկ մարդ է, երդվյալ ատենակալների դատարանի դեպքում որոշում է կայացնում ատենակալների խումբը։ Որոշ երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ է, որոշումը պետք է լինի միաձայն, այլ երկերներում, ինչպես օրինակ Ղազախստանն է, որոշումը կայացվում է քվեարկությամբ, որին որոշ դեպքերում մասնակցում է նաեւ դատավորը։ Սա, իհարկե, նվազեցնում է «դատարանի» վրա ազդելու հնարավորությունը, որովհետեւ տրամաբանական է, որ ավելի հեշտ է ազդել մեկ մարդու վրա, ով հատկապես նաեւ համակարգի մաս է, քան մի քանի, այն էլ տեսականորեն համակարգի հետ կապ չունեցող եւ պատահականության հիման վրա ընտրված մարդկանց վրա։

Կարծում եմ՝ հիմնական ռիսկերը այնտեղ են, որտեղ եւ առավելությունները, այսինքն՝ անփորձ եւ ոչ պրոֆեսիոնալ խումբը շատ հեշտությամբ կարող է «խաբվել» կամ տրվել էմոցիաններին՝ չտեսնել մեղավորին կամ կարգել մեղավոր, ինչը եւ շատ հաճախ տեղի է ունենում հենց ԱՄՆ դատական համակարգում։ Սակայն ԱՄՆ-ում գտնում են, որ հիմնական առավելությունը դա, այսպես կոչված, «People’s justice»-ը, կամ «man gets People’s justice»-ն է, այսինքն՝ մարդու նկատմամբ արդարադատությունն իրականցնում են իր նման մարդիկ եւ ոչ պրոֆեսիոնալները եւ եթե նույնիսկ «մեղավորը» ազատվում է ատենակալների կողմից, միեւնույնն է, դա արդար է, որովհետեւ մեղադրյալի նման ոչ պրոֆեսիոնալները չնկատեցին իր մեղքը կամ պետությունը չկարողացավ այն ապացուցել՝ ունենալով այդչափ ռեսուրսներ։

 Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ հիմնական նախադրյալներ եւ պայմաններ պետք է գոյություն ունենան, որպեսզի երդվյալ ատենակալների ինստիտուտը արդյունավետ գործի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Այս համատեքստում, ի՞նչն եք համարում ԱՄՆ-ում ատենակալների համակարգի հաջողության գլխավոր պատճառը, եւ արդյո՞ք այդ հիմնական պայմանը կա կամ կարող է ձեւավորվել Հայաստանում։

 Ամենակարեւոր նախապայմանն իշխանությունների կամքն է ունենալ ազատ եւ անկախ դատական համակարգ կամ իշխանությունների կողմից այդ համակարգը վերահսկելու հնարավարության բացակայությունը։

Միշտ չէ, որ դրական փոփոխությունները բարի կամքի դրսեւորումներ են։ Դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ իշխանությունը, հատկապես մեր օրերում, ինքնակամ հրաժարվի դատարանների վրա ազդեցություն գործադրելու իր գործիքակազմից։ Սովորաբար նման փոփոխությունները տեղի են ունենում երկարատեւ քաղաքական ու պատմական զարգացումների արդյունքում, երբ կա՛մ իշխանությանն արդեն ձեռնտու է օրինականության հաստատումը, կա՛մ այլեւս օբյեկտիվորեն չի կարող շարունակել նախկին, «հակաիրավական» պրակտիկան։

Երբ միջնադարյան Անգլիայում թագավոր Հենրի Երկրորդը նախաձեռնում է ատենակալների համակարգի նախատիպը՝ այսօրվա իմաստով grand jury-ին (նախնական կամ «գլխավոր» ատենակալների ինստիտուտը), նրա նպատակը առաջին հերթին արդարության «ժողովրդավարացումը» չէր, այլ թագավորական արդարադատության համակարգի ուժեղացումը եւ կենտրոնացումը։

Միջնադարյան Անգլիայում արդարադատությունն իրականացնում էին տեղի ֆեոդալները կամ ֆեոդալական դատարանները եւ ոչ թե թագավորական արդադատության համակարգը, իսկ արքան գտնվում էր երկարատեւ առճակատման մեջ ֆեոդալների հետ։ Ուստի՝ ստեղծեց ատենակալների համակարգը, որտեղ որոշումը՝ առաջադրել մեղադրանք, իրականացնում էին տեղերում։ Եվ որպեսզի ավելի թուլացնի տեղի ֆեոդալներին Հենրի Երկրորդը ստեղծեց նաեւ ատենակալների համակարգը, որ ոչ թե ֆեոդալները, այլ 12 տեղացի մարդուց բաղկացած խումբը հետաքններ եւ մեղադրանք առաջադրեր մարդուն եւ բերեր թագավորական դատարանի առաջ:

Հենց այսպիսի «ներդաշնակ բռնի» պետական քայլերն էլ հետագայում պատմության ընթացքում հիմք դարձան ավելի լայնածավալ երդվյալ ատենակալների ինստիտուտի ձեւավորման համար, երբ արդեն ոչ թե միայն նախնական մեղադրանքի ներկայացումն էր վստահվում տեղական երդվյալներին, այլ նաեւ վերջնական վճռի կայացումը՝ մեղավոր է մարդը, թե՝ ոչ։ Բայց սկզբնական փուլում դա, իմ ընկալմամբ, ավելի շատ իշխանության գործիք էր, քան մարդու իրավունքների պաշտպանություն:

Կարծում եմ՝ ՀՀ-ում առկա սոցիալ-մշակութային մոդելի պարագայում երդվյալ ատենակալների ինստիտուտի մոդելի ներդրումը Հայաստանում բավական ռիսկային է։ Գաղտնիք չէ, որ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանում, որտեղ ձեւավորված է խիստ սերտ սոցիալական կապերի համակարգ (հարազատական, բարեկամական, անձնական ու ոչ ֆորմալ կապեր), գործնականում չափազանց դժվար, եթե ոչ անհնար է ապահովել 8-10 իրարից անկախ անձանց ընտրությունը, ովքեր երդվյալ ատենակալների կազմում կկարողանան իրականացնել անաչառ եւ օբյեկտիվ արդարադատություն։

Կուզեմ կրկին ընդգծել, որ խնդիրը միայն բնակչության քանակը չէ, այլ գործող սոցիալ-մշակութային մոդելը։  Ըստ իս, ՀՀ-ում, բարեբախտաբար կամ դժբախտաբար, նման նախադրյալներ եւ նախապայմաններ առկա չեն։

 ԱՄՆ-ում ատենակալների համակարգի հաջողությունն ապահովող հիմնական մեխանիզմները որո՞նք են։ Ինչպիսի՞ գործիքներ են կիրառվում ԱՄՆ-ում՝ ատենակալների վրա հնարավոր ճնշումները կանխելու կամ նվազեցնելու համար, եւ որքանո՞վ են դրանք իրատեսական քաղաքականացված հասարակություն ունեցող Հայաստանի համար։

 ԱՄՆ-ում մենք գործ ունենք բոլորովին այլ սոցիալ-մշակութային համակարգի հետ, որը հատուկ է Միացյալ Նահանգներին եւ ձեւավորվել է տասնյակ տարիների ընթացքում։ Եթե խոսենք ընթացակարգային մեխանիզմների մասին, որոնք ապահովում են ատենակալների անկախությունն եւ ազատությունն, ապա առաջինը պետք է նշենք, այսպես կոչված, «voir dire»-ը։ Մինչ ատենակալների կազմի վերջնական ձեւավորումը՝ տեղի է ունենում ատենակալների «ընտրություն»։ Կողմերը հարցերի եւ պատասխանների միջոցով մոտ 30-40 թեկնածուներից ընտրում են 12 ատենակալ (կարող է լինել այլ քանակ)։ Ատենակալներին արգելվում է գործի մասին որեւէ այլ տեղեկություն ստանալ, ընդուպ մինչեւ համացանցից օգտվել։ Անհրաժեշտության դեպքում գործի քննություննը կարող է տեղափոխվել մեկ այլ վայր, ենթադրենք Վաշինգտոնից Չիկագո։  

Հայաստանում գործը Երեւանից տեղափոխելը մեկ այլ քաղաքի դատարան այնքան էլ չի փոխում այն փաստը, որ նույն լրահոսը նույն քաղաքական դիսկուրսը, նույն անվտանգության համակարգն են ազդում բոլորի վրա։

Տեսեք, դատական համակարգն ավտոմատացված համակարգերի միջոցով կանչում է ատենակալների հավանական թեկնածուների, որոնցից կողմերը ընտրում են ատենակալների։ Նմանատիպ համակարգ, եթե չեմ սխալվում գործում է նաեւ Հայաստանում։ Այսինքն՝ ավտոմատացված համակարգը ընտրում է գործը քննող դատավորին, բայց ստացվում է այնպես, որ հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հայտնվում են մի քանի կոնկրետ դատավորների մոտ, որոնք էլ կայացնում են կանխատեսելի որոշումներ։ Այսինքն՝ կրկին անգամ մենք գալիս ենք այն կետին, որ կարեւոր չէ՝ ինչ արդարադատության մոդել է գործում, եթե չկա կամք ապահովելու դատարանների անկախությունը, այս դեպքում բացարձակ կարեւոր չէ թե մենք գործ ունենք դատավորի, թե ատենակալների հետ։

 Ի՞նչ մեխանիզմներ են ԱՄՆ-ում ապահովում, որ ատենակալների կայացրած որոշումները լինեն առավել կանխատեսելի եւ իրավունքին համապատասխան՝ չազդվելով էմոցիաներից կամ հանրային կարծիքից։

 Մեխանիզմեր կան, ինչպես արդեն նշեցի մի քանիսը, սակայն էմոցիանների եւ հանրային կարծիքի դերը մնում է։ Ինձ բախտ է վիճակվել մասնակցել նման դատավարության։ Միանգամից ասեմ մենք պարտվեցինք, չնայած ես որպես իրավաբան համոզված էի, որ փաստերը եւ օրենքը մեր կողմում էին։ Բայց ավելի հետաքրիր է, թե ինչպես են այստեղ պատրաստվում դատավարությանը։ Նախ նշեմ, որ բուն դատավարությունը տեւում է շատ կարճ՝ մեկ-երկու շաբաթ։ Այլ հարց է, որ դրան նախորդում է երկարաժամկետ դատական գործընթաց, բայց բուն դատավարությունը ատենակալների մասնակցությամբ տեւում է կարճ՝ առանց ընդհատումների։ Եվ այսպես իրավաբանները նախապատրաստովում են դատավարությանը. ինչպես դերասանները թատերական ներկայացմանը, որովհետեւ նպատակը հանդիսատեսի՝ այս դեպքում ատենակալների համակրանքը գրավելն է։ Կարեւոր չէ, թե որքան իրավական աշխատանք է արված, եթե դու չես կարող որպես փաստաբան համոզել ատենակալներին քո իրավացիությունը։ Ուշադրություն է դարձվում հագուստին, ձայնի տոնայնությանը նույնիսկ փաստաբանի օծանելիքին։ Այնպես որ, էմոցիանների եւ դրանց վրա ազդելու պակաս չկա։

Սակայն, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ հասարակությոնը մեծ հաշվով հաշտ է սխալների հետ։ Եթե ենթադրյալ հանցագործը ազատ է արձակվել ատենակալների կողմից, միեւնունն է, դա արդար է, որովհետեւ նրան «դատել» են իր նման մարդիկ: Այսինքն՝ գործ ունենք հանրային համերաշխության հետ։ Իսկ եթե դատապարտվել է ենթադրյալ անմեղ մարդ, ապա դատավորն իրավունք ունի կայացնել այլ որոշում՝ անտեսելով ատենակալների որոշումը։ Նկատենք, որ դատավորը կարող է անտեսել եւ կայացնել այլ որոշում, եթե ատենակալները կայացրել են մեղադրական վերդիկտ, իսկ եթե արդարացրել են, ապա դատարանը պարտավոր է հետեւել ատենակալների որոշմանը, այն նույնիսկ չի կարող բողոքարկվել։

Ինչ վերաբերում է որոշումների կանխատեսելիությանը, ապա պետք է փաստեմ, որ դատավորը, միեւնունն է, ունի բարձր իշխանություն, ինչի մասին անդրադարձել եմ գիտական հոդվածով:

Դատավորն է որոշում, որ ապացույցը կարող է ատենակալը տեսնել, ինչ փաստեր կողմերը կարող են ներկայացնել դատարանին։ Բացի այդ դատավորը գործի ելքի վրա եւ նույնիսկ առանց ատենակալների որոշում կայացնելու՝ բավականին ուժեղ գործիքակազմի է տիրապետում։ Ուստի՝ նա հնարավորություն է տալիս ատենակալներին քննել այնպիսի փաստեր, որոնց արդյունքում հնարավոր է կայացնել միայն մի քանի կանխատեսելի որոշումներից մեկը։  

 Հայաստանում ատենակալների ինստիտուտի ներդրման հիմնական փաստարկը դատարանների նկատմամբ հանրային վստահության նվազումն է։ ԱՄՆ-ի փորձի հիման վրա կարելի՞ է ասել, որ ատենակալների համակարգը իրականում բարձրացնում է արդարադատության նկատմամբ վստահությունը, թե՞ միայն նման տպավորություն է ստեղծում։

  Պետք է նշեմ, որ վերջին շրջանում Նահանգներում նկատվում է քրեական գործերով դատարանների նկատմամբ վստահության անկում, սակայն այն ավելի շատ վերաբերվում է այն դատական ակտերին, որոնց վերաբերյալ ատենակալները որոշումներ չեն կայացնում։ Ատենակալների նկատմամբ վստահությունը բարձր է, բայց որ ավելի կարեւոր է առկա է հանրային կոնսենսուս՝ վստահել եւ համակերպվել ատենակալների կայացրած որոշումների հետ։

Արդյոք ատենակալների ինստիտուտի ներդրումը կարող է թողնել նույն ազդեցությունը ՀՀ-ում, դժվար է ասել։ Մեր սոցիալ-մշակութային համակարգն ունի ընդդիմանալու եւ չընդունելու հակումներ։ Կարծում եմ՝ այստեղ է խնդիրը։

  Այնուհանդերձ, եթե Հայաստանը գնա երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման ճանապարհով, Ձեր գնահատմամբ՝ ո՞ր մոդելն է ավելի իրատեսական սահմանափակե՞լ ատենակալների մասնակցությունը միայն քրեական, թե՞ ներգրավել նաեւ քաղաքացիական գործերի որոշակի կատեգորիաներում, արդյո՞ք ատենակալները պետք է որոշեն միայն մեղավորությունը, թե նաեւ պատժի չափը, եւ ինչպիսի՞ ատենակալների քանակը կարող է համարվել օպտիմալ երկրի համար, որն ունի փոքր բնակչություն, սահմանափակ ռեսուրսներ եւ հասարակական բարձր փողկապակցվածություն։

— Կարծում եմ՝ եթե այնուհանդերձ ներդրվի ատենակալների ինստիտուտն, ապա այն պետք է լինի խիստ սահմանափակ, հատկապես սկզբնական շրջանում։ Մենք պետք է առաջին հերթին հետհայացք նետենք եւ տեսնենք, թե մենք ինքներս ինչ համակարգ ենք ունեցել անցյալում։ Օրինակ, Խորհրդային տարիներին գործում էր ատենակալների համակարգ՝ առանձնապես ծանր քրեական գործերի քննության դեպքում։

Ուստի՝ ճիշտ կլինի սկզբնական շրջանում վերականգնել նախկինում եղածը, եւ ամբաստանյալին հնարավորություն տալ կատարել ընտրություն երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարության եւ դասական դատավարության մեջ։ Այդպես է կարգը նաեւ ԱՄՆ-ում, որտեղ ատենակալների մասնակցությամբ դատավարության հնարավորությունն իրավունք է եւ ոչ թե պարտադիր կանոն։

Ինչ վերաբերում է այլ դատական գործերով՝ հատկապես քաղաքացիական գործերով ատենակալների ներգրավվելուն, ապա այստեղ պետք է նկատել, որ դատարանները քննում են հարյուրավոր նմանատիպ գործեր եւ արդյոք մեր ռեսուրսները հնարավորություն կտան ապահովվել ատենակալների մասնակցությունն այդ բոլոր գործերով։ Չէ որ դա ահռելի քանակ է։

Կարծում եմ պատժի չափը պետք է թողնել Դատարանին։ Այդպես է նաեւ ԱՄՆ ում։ Բայց, օրինակ, այն դեպքում, երբ պետք է սահմանվի ցմահ ազատազրկում, ապա կարելի է այս հարցում ատենակալներին տալ կարծիքի կամ նույնիսկ որոշման իրավունք։

— Դուք նշեցիք, որ ՀՀ-ում քաղաքացիական գործերի ահռելի քանակ կա արդյոք նմանատիպ պատկեր չէ նաեւ ԱՄՆ ում։ Ինչպես են այնտեղ ապահովում ատենակալների մասնակցությունը։

— Տեսեք, այստեղ կա թյուր կարծիք։ Այո՛, ընդունված է ասել, որ ԱՄՆ-ում բոլորը «դատում» են բոլորին, սակայն միգուցե քչերը գիտեն, բայց դատական գործերի 95%-ը չեն հասնում ատենակալների դատին: Դրանց վերաբերյալ կա՛մ կայացվում է դատական ակտ՝ մինչ ատենակալների դատը, կա՛մ կողմերը կնքում են հաշտության համաձայնություն։ Եթե չեմ սխալվում, մոտ 2%  քաղաքացիական գործերով է տեղի ունենում երդվյալների մասնակցությամբ դատավարություն։ Փորձառու փաստաբանները խուսափում են ատենակալների մասնակցությամբ դատավարություններից՝ կարծելով, որ այն վիճակախաղ է եւ երբեք չես կարող կռահել վերջնարդյունքը։ Այնպես որ, այո՛, դատական գործերի քանակն անհամեմատ ավելի շատ է, բայց մինչդատական ակտիվ պրակտիկայի պատճառով գործերը ատենակալների դատին չեն հասնում։ Մի բան, որ մեր երկրում գտնվում է նոր ձեւավորման փուլում։