15:11 , 8 դեկտեմբեր, 2025Ադրբեջանն ու Իրանը ամրապնդում են երկկողմ հարաբերությունները՝ կանոնավոր բարձր մակարդակի այցելությունների միջոցով, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ես Իրանի իմ գործընկերոջը մանրամասն տեղեկություններ եմ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին», - նշել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցությունից բացի, նախարարները քննարկել են տարածաշրջանի մի շարք երկրների հետ եռակողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնումը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նախագծերի առումով։
«Ադրբեջանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 650 միլիոն դոլար, իսկ այս տարվա առաջին 10 ամիսներին՝ 520 միլիոն դոլար։ Այսօր մենք քննարկեցինք այս ծավալը մեծացնելու քայլերը։ Նշվեց մի շարք նախագծերի հաջող իրականացումը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Նա նաև հավելել է, որ Աղբենդ-Քելալե ճանապարհային կամրջի շինարարությունը շարունակվում է և նախատեսվում է ավարտել հաջորդ տարի։