Կառավարությունն ուսումնասիրում է մի շարք քաղաքներում օդանավակայան ունենալու հնարավորությունը


21:48 , 3 դեկտեմբեր, 2025

Հայաստանի կառավարության ծրագրերի մեջ է փոքր ավիացիայի զարգացումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ Գորիսում, Սիսիանում օդանավակայն ունենալու հավանականության վերաբերյալ հարցին: 

«Փոքր ավիացիայի զարգացումը մեր ծրագրերի մեջ մտնում է: Մենք ուսումնասիրում ենք, թե Շինուհայրում, Սիսիանում, Ստեփանավանում, Գավառում, Բերդում ինչ հնարավորություններ կարող են լինել: Անպայման այդ ուղղությամբ աշխատանքներ կանենք, ուսումնասիրության փուլում են: Փորձ ենք անում նաև մասնավոր ներդրողների ներգրավել»,-ասաց Փաշինյանը:

Կապանի օդանավակայանի հետ կապված հարցին՝ վարչապետն ասաց, որ օդանավը գտնվում է հերթական տեխնիկական զննության մեջ:

«Այս ընթացքում աշխատում են, որ մինչև տեխնիկական զննության ավարտը այլ օդանավ հնարավոր լինի ներգրավել, և թռիչքները կշարունակվեն, որևէ խնդիր չկա, հարցը տեխնիկական է»,-ասաց Փաշինյանը: