«Անսպասելի էր, անշուշտ»․ Տեր Թադեն՝ Մայր Աթոռի` իրեն կարգալույծ հռչակելու որոշման մասին


17:38 , 3 դեկտեմբեր, 2025

Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։
Սպասելի էր Մայր Աթոռի որոշումը կարգալույծ հռչակված քահանայի համար և ինչպե՞ս է պատրաստվում որոշումն ընդունել՝ փորձեցինք իմանալ հենց նրանից։

«Անսպասելի էր, անշուշտ։ Այս պահին այսքանով սահմանափակվենք, հետո ընթացքը ցույց կտա։ Այլ մեկնաբանություն հիմա չունեմ»,- ArmLur.am- հետ զրույցում ասաց կարգալույծ հռչակված Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը (այսուհետ՝ ավազանի անունով Արամայիս Թախմազյան)։

Արդյոք Արամայիս Թախմազյանը պատրաստվում է Ստեփան Ասատրյանի (Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Արամ) նման Մայր Աթոռի որոշումն անտեսել և շարունակել պատարագ մատուցել՝ մեր այս հարցին նա չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորև ներկայացված հիմնավորումներով առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով: