«Ոչ տուր ու առ, ոչ դիր ու լաց». Բացառիկ հարցազրույց Յուրի Վարդանյանի հետ


23:16 , 4 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, այժմ արդեն Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի հետ այս հարցազրույցը բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ նա իր նախարարական պաշտոնն ստանձնելուց 100 օր անց առաջին հարցազրույցը տալիս է tert.am-ին, այլև նրա համար, որ այն բացառիկ է իր անկեղծությամբ, տեղ-տեղ նույնիսկ էքստրիմ՝ նախարարական ընդունված կարծրատիպերի պարագայում։ 

 

– Դուք նկատե՞լ եք, որ մեր երիտասարդությունը մի տեսակ պինդ, ամրակազմ չէ. Այսօր փողոցով կուզիկ, ճմրթված երիտասարդություն է քայլում։ Սա նշանակում է, որ մեր երկրում սպորտային պատշաճ դաստիարակություն ու կրթություն չկա։Այսպիսի ֆիզիովիճակով ու՞ր կհասնենք։

 

– Այսօր նայելով մեր երիտասարդներին՝ ես, իսկապես, ողբում եմ։ Կուզեր, ծուռ ոտքեր, ոչ մի ուղղվածություն, սլացիկություն չկա։ Մեր ազգը չպիտի այս վիճակում լինի։ Ախր ես անցել եմ այդ ճանապարհը. Երբ ես լավ մարզավիճակում էի, փողոցում բոլորն ինձ հիվանդ էին թվում։ Այսօր, բնականաբար, ես այդ մարզավիճակում չեմ, բայց նախկին հիշողությամբ յուրաքանչյուրի քայլվածքով կարողանում եմ տեսնել ու հասկանալ, թե ինչ կարող է նա անել։ Հայաստանում պետք է մանկապարտեզից զարգացնել ֆիզկուլտուրան։ Ի՞նչ է նշանակում՝ ինստիտուտ են ընդունվում ու ավարտում առանց ֆիզիկական նորմալ պատրաստվածության։ Սովետի ժամանակ գոնե հստակ նորմատիվներ գոյություն ունեին, որոնք անպայման պետք է հանձնեին։ Հայաստանում պետք է սպորտը բարձրացնել։

 

–Դրա համար էլ ծանրամարտի աշխարհի չեմպիոն նախարար ենք դրել, որ այդ ծանրությունը բարձրացնի. ինչի՞ց եք սկսելու։

 

–Ես ասացի՝ մանկապարտեզներից և սպորտին պատշաճ կարգավիճակ տալուց։ Իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վլադիմիր Նոնեզյանը, ճիշտ է, բասկետբոլի մասնագետ էր, բայց քիչ բան չարեց, որ ես դպրոցի սպորտային դահլիճում սկսեմ ճանաչել իմ ուժն ու կարողությունները։ Այդ դահլիճները հիմա էլ կան։ Իհարկե, կան լավ և վատ դահլիճներ։ Բայց ամենուր ասում են՝ մենք լավ գույք չունենք։ Ի՞նչ է նշանակում «լավ գույք չունենքը» դպրոցի դեպքում։ Բայց չէ՞ որ նորմալ ֆիզիկական պատրաստվածությունը դպրոցում միայն գույքով չէ պայմանավորված։ Ի՞նչ է, մի սովորական պարան չկա՞, որ երկու երեխայի բռնել տաս, մյուսներին էլ՝ թռնել տաս։ Հասարակ պարան։ Լավ, պարան էլ չունես։ Բայց դահլիճ կա, վազքուղի կա։ Մի գնդակ չունե՞ս, որ երեխային վազեցնես դրա ետևից։ Ի՞նչ գույք է պետք վարժեցնելու համար։ Իհարկե, վատ նյութատեխնիկական պայմաններում աշխարհի չեմպիոններ չես կերտի, բայց, մեծ հաշվով, աշխարհի չեմպիոն ծնվում են, դա էլ կա։

 

–Ամեն դեպքում, այսօր արդեն հանրային առողջությունն վտանգված է, եթե հիմա չկանխարգելվի, հետո այն բուժելու համար որտեղի՞ց ենք այդքան միջոց գտնելու. Մենք սովոր ենք այս նախարարությունից միայն հաղթանակ ու մեդալ ակնկալել, բայց չէ՞ որ նա նախևառաջ պատասխանատու է հենց հանրային առողջության համար։

 

–Ամենակարևորը հենց այս երկու հիմնախնդիրներն են՝ մեկ, որ հանրային առողջությունը տեղում լինի, սպորտն ավելի զանգվածային դառնա և երկրորդ՝ պետք է մեդալներ լինեն, որ արժևորվի երկիրը: Երկրի հիմնը երկու անգամ է հնչում՝ մեկ նախագահի այցի ժամանակ, մեկ էլ, երբ աշխարհին չեմպիոն ես տալիս։ Իսկ դրա համար պետք է մտածողություն, հոգեբանություն փոխվի։

 

–Լավ, եկեք միասին փնտրենք շան գլուխը, այսինքն անդրադառնանք կառավարմանը. Նախարարությունն այսօր մի տեսակ ֆեդերալ կառավարման է անցել, կան երեք տասնյակից ավելի ֆեդերացիաներ՝ բադմինթոնից մինչև կարատեների տարբեր ֆասոններ, որոնք, ըստ էության, կենտրոնախույս ուժեր են և զբաղված են նախարարությունից իշխանություն, փող պոկելով և նախանձելի ինքնուրույն, փակ կյանքով էլ ապրում են. սա լա՞վ է, թե՞ վատ։

 

–Իմիջիայլոց, շատ սուր հարցադրում է և այսպես միանգամից դրան պատասխանել հնարավոր չէ։ Դա ունի և՛ դրական, և՛բացասական կողմեր։ Եթե հարցն ավելի կոնկրետացնեք, ես կարող եմ ներկայացնել դրա մի շարք ասպեկտները։

 

–Լավ, գանք այս կողմից. Ընդհանրապես, շատ չե՞ն այս ֆեդերացիաները, որոնք սպորտի շուրջ հավաքված կուսակցությունների տպավորություն են թողնում՝ իրենց ինքնաբավ շահերով, քաղաքականությամբ ու նպատակներով։

 

–Այո, համաձայն եմ, շատ են։ Բայց եթե հանում ենք, օրինակ, կարատեի տարատեսակ ֆեդերացիաները, ստացվում է, որ նրանք չափի մեջ են։ Ինձ համար ֆեդերացիա հասկացողության տակ նրանք են, որոնք հաստատված են միջազգային օլիմպիական կազմակերպությունների կողմից և գտնվում են օլիմպիական մարզաձևերի կարգավիճակում։ Կան նաև ֆեդերացիաներ, որոնք մեծ հավանականությամբ կարող են դառնալ օլիմպիական։ Եթե մենք պետություն ենք, պետք է ունենանք նաև այդ օլիմպիական մարզաձևերը և դրանց ֆեդերացիաները։ Հիմա եթե ըմբշամարտը մեզ մոտ լավ վիճակում է, դա ամենևին էլ չի նշանակում, թե մենք, ասենք, բադմինթոնը չպիտի զարգացնենք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ