Նոր էջ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում․ Բրյուսելում կստորագրվի գործընկերության նոր օրակարգը


12:10 , 2 դեկտեմբեր, 2025

Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում դեկտեմբերի 2-ին կայանալիք գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով կստորագրեն գործընկերության ռազմավարական օրակարգը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։

Գործընկերության նոր օրակարգը կստորագրեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ «Կայանալու է Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը, որի ժամանակ մենք ընդունելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգը, որը լինելու է գործողությունների պլան, ճանապարհային քարտեզ, թե ինչ կարող ենք մենք անել»,- ասել է Կոսը։

ԵՄ պաշտոնյան մանրամասնել է, որ այն ներառելու է աջակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուտների ուժեղացմանը։ Գործընկերության նոր օրակարգը ներառելու է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում։

Մարթա Կոսը հավելել է, որ աջակցելու են ՀՀ-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու հարցում։