Ի՞նչ եղանակ է լինելու դեկտեմբերին


23:42 , 1 դեկտեմբեր, 2025

Դեկտեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով բարձր է լինելու, իսկ տեղումների քանակը՝ նորմայից մոտ 10 տոկոսով պակաս։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«Սպասում ենք նորմայից տաք և սակավ տեղումներով դեկտեմբեր, ինչը կարելի է ասել, որ բնորոշ է վերջին տարիներին։ 2017-ից սկսած մենք գրեթե բոլոր տարիներին ունենք նորմայից բարձր ջերմաստիճաններ դեկտեմբեր ամսվա համար»,- ասել է Ազիզյանը։

Նրա խոսքերով՝  այսօրվա դրությամբ Հանրապետությունում ձնածածկույթի լուրջ պակաս կա և եթե այս ժամանակահատվածի համար պետք է ունենայինք 3200 մետր բարձրության վրա 60-70 սմ ձյուն, ապա հիմա մինչև 3200 մետր բարձրությունների վրա ձյունը պակասում է։ 

«Ձյան բացակայությունը բացասական ազդեցություն կունենա մյուս տարվա ջրային ռեսուրսների վրա, որովհետև Հանրապետությունում ջրային  ռեսուրսների գլխավոր գործոնը ձնհալն է»,- ասել է կենտրոնի տնօրենը։

Ազիզյանի խոսքով՝ տեղումները որոշակի դերակատարություն ունեն օդի աղտոտվածության լավացման տեսակետից, սակայն այսօրվա դիտված տեղումները միջին քանակությամբ էին, բայց անտիցիկոլանյին դաշտը Արարատյան դաշտում որոշակիորեն քայքայվել է։
«Այն անտիցիկոլանյին դաշտը, որը ձևավորվել էր Արարատյան դաշտում որոշակիորեն քայքայվեց, իհարկե ոչ ամբողջությամբ, բայց  սառը օդի լճացման գործընթացը դադարեց որոշակիորեն, ինչը դրական ազդեցություն կունենա օդի որակի վրա»,-հավելել է մասնագետը։