Համացանցում առկա քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու կարիք կա. Սի Ծինփին


19:23 , 29 նոյեմբեր, 2025

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է մաքուր և առողջ համացանց կառուցելու համար դրանում տիրող քաոսի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Սի Ծինփինի հայտարարություններն՝ արված նոյեմբերի 28-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի սեմինարին։

Սի Ծինփինն ընդգծել է, որ ինտերնետային էկոհամակարգի կառավարումը կապված է ազգային զարգացման և անվտանգության, ինչպես նաև ժողովրդի կենսական շահերի հետ։

«Մենք պետք է ամրապնդենք առցանց հարթակների, քաղաքացիական լրագրության և բազմաալիք առցանց կազմակերպությունների կառավարումը՝ խրախուսելով նրանց ստանձնել սոցիալական պատասխանատվություն և գիտակցաբար դառնալ դրական էներգիայի տարածողներ»,-ասել է Չինաստանի առաջնորդը։ 

Վերջինիս կարծիքով՝ առցանց քաոսը քայքայում է հասարակական բարոյականությունը և խախտում է զանգվածների շահերը, հետևաբար պետք է վճռականորեն պայքարել դրա դեմ։

Վերջին մի քանի տարիների ընթացքում չինական իշխանությունները կայուն կերպով ուժեղացրել են ինտերնետի նկատմամբ իրենց վերահսկողությունը։