Զորականցի տղայի ծեծի մասին ծնողները համացանցից են իմացել


18:43 , 28 նոյեմբեր, 2025
18-ամյա Ալենի ծննդյան նախօրեին համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են 4 տղաներ դաժան ծեծի ենթարկում և հայհոյում նրան։ Տղայի հայրը՝ Գարսևանը, ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մինչև երեկ տեղյակ չեն եղել այս դեպքի մասին։

«Ինտերնետով եմ պատահական տեսել։ Երեխան ոչ մի բան չի ասել։ Թեթև կապտուկներ է ունեցել։ Ասել է՝ փոքր կռիվ է եղել, անցել, գնացել է»,- պատմել է նա։

Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը մեր զրույցի պահին Ալենի հոր մոտ էր։ Հայրը տղային ամբուլատորիա էր բերել։ ABC Media-ի հետ զրույցում գյուղապետը նշել է՝ տարածված տեսանյութի դեպքը իրենց գյուղում չի տեղի ունեցել։

«Երեխեքը դպրոցից հետո գնացել են Նոյեմբերյանի «Վայլդբերիս»՝ իրենց գործերով։ Էդտեղ Նոյեմբերյանի քոլեջի սաներից մոտեցել են իրենց, ասել են՝ Ալենը ձեր հասցեին հայհոյանք է տվել։ Տեսանյութի երեխաներից 2-ը քոլեջի սան են։ Մեր դպրոցի հետ այդ երեխեքը կապ չունեն։ Ասել են, որ Ալենը ձեր հասցեին ինչ-որ բաներ է ասել, էդտեղ էլ այդ դեպքը տեղի է ունեցել»,- պատմել է գյուղապետը։

Վերջինիս խոսքով՝ քոլեջում սովորող տղաներից մեկն է պատմության հիմնական կորիզը։ Հենց նա է մոտեցել զորականցի տղաներին և նման բան ասել։

Ալենին ծեծած 4 տղաները և տեսանյութը նկարողը ժամանակավոր պատիժ են կրել, բայց ժամկետի ավարտից հետո Քննչական կոմիտեի՝ կալանքի երկարաձգման միջնորդությունը մերժվել է։ Ծնողները որոշել են դիմել վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք՝ երեխաներից մեկի ծնողը քրեակատարողական հիմնարկներից մեկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։