14:36 , 4 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ելույթն ու դրան հետևած հարցուպատասխանի ժամանակ հնչած մեկնաբանություններն Ադրբեջանում ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել»: Պաշտոնական Բաքվին հատկապես հունից հանել է նախագահի այն միտքը, թե՝ պետք չէ հայկական կողմին սպառնալ ռազմական գործողությունների վերսկսմամբ, ապա հետո բողոքել կորուստներից:
Հայաստանը մեկ անգամ չէ, որ պաշտոնական մակարդակով հայտարարել է, թե մեր երկիրը պատերազմ չի ցանկանում, ինչը չի նշանակում, որ մենք վախենում ենք պարտվելուց: Ամենևին, բանն այն է, որ Հայաստանում կա գիտակցում այն մասին, որ պատերազմը խնդիր չի լուծելու, այն միայն ցավ ու տառապանք բերելու երկու ժողովուրդներին:
Ավելին, Հայաստանը Ադրբեջանին բազմիցս զգուշացրել է, որ հնարավոր արկածախնդրության դեպքում, հայկական զորքերը ոչ միայն հետ կմղեն հակառակորդին, այլ պատերազմը կտեղափոխեն հակառակորդի տարածք:
Ադրբեջանի կողմից հետևած արձագանքը, որն արտահայտվեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևի շուրթերից, չի կարող ընկալելի լինել միջազգային հանրության կողմից հենց միայն այն պատճառով, որ այդ երկրում «սպառնալիք» և «զգուշացում» բառերն իմաստային առումով միմյանցից չեն տարբերում (կամ տարբերելով դիտավորյալ խեղաթյուրում են):
Է. Աբդուլլաևը հայտարարել է, թե «Սերժ Սարգսյանը միջազգային հանրության առաջ նորից խոստովանեց, որ ագրեսոր երկրի ղեկավար է և իր հայտարարություններով սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»:
Ո՞վ է իրականում ագրեսոր. այս հարցի պատասխանը միջազգային հանրությունն արդեն իսկ ստացել է: Հայաստանն ու Ադրբեջանն իրենց հայտարարություններով ու դրան հետևած գործողություններով են ապացուցել, իսկ միջազգային հանրությունը համոզվել, թե իրականում ո՞վ է ձգտում խաղաղության, իսկ ով՝ պատերազմի:
Ագրեսոր է նա ով զգուշացնում է, որ հնարավոր սպառնալիքի դեպքում կպաշտպանվի՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությո՞ւնը, իսկ խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների միջոցով, թե՞ այն պետությունը, ով գրեթե ամեն օր խոսում է պատերազմի վերսկսման մասին՝ իր ժողովրդին պատրաստելով պատերազմին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ