ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հրթիռшյին կարողությունները սատարող անհատների և ընկերությունների նկատմամբ. գանձապետարան


10:52 , 13 նոյեմբեր, 2025

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանից և այլ երկրներից 32 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, կապված են Իրանի հրթիռային ծրագրի մշակման և անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ, հայտնել է ԱՄՆ գանձապետարանը։

«ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանում 32 անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք գտնվում են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Գերմանիայում և Ուկրաինայում», - ասվում է ԱՄՆ գանձապետարանի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ այս անհատներն ու կազմակերպությունները կապված են Իրանում բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրությունը սատարող բազմաթիվ գնումների ցանցերի հետ։

Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել Ուկրաինայում գործող GK Imperativ Ukraina LLC և Ekofera LLC ընկերությունների նկատմամբ, որտեղ Բահրամ Թաբիբին, Իրանի շահերից ելնելով, ձեռք է բերել ավիատիեզերական տեխնոլոգիաների համար նյութեր:

Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի, Թուրքիայի և ԱՄԷ-ի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք Չինաստանից Իրան են մատակարարել իրանական ռազմական հրթիռների համար վառելիքի բաղադրիչներ։