Անդոնի համար այս միջադեպը կարող է ճակատագրական լինել


17:12 , 12 նոյեմբեր, 2025
Հայաստանի ԱԺ-ում բավական ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել. Անդոնն է հայտնվել անախորժ իրավիճակում: Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ աշխատող սույն ՔՊ-ականը ներկա չէր գտնվել դահլիճում այն պահին, երբ պետք է ելույթ ունենար, ինչի հետևանքով տխրահռչակ Ալենը հայտարարել էր 20 րոպեանոց ընդմիջում։ Վերադառնալով՝ Անդոնը ներողություն է խնդրել՝ ընդունելով, որ իր բացակայությունը սխալ կազմակերպման հետևանք էր, բայց միաժամանակ ընդգծելով, որ ԱԺ քարտուղարությունը պետք է ավելի ուշադիր լիներ և զգուշացներ իրեն։ Նիկոլը, որ ներկա է գտնվել դահլիճում, կոշտ է արձագանքել այս իրավիճակին։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Անդոնը մեղայականով մոտենում շեֆին, սակայն վերջինս հանդիմանանքով է խոսում ու լքում դահլիճը՝ բոյկոտելով ՔՊ-ականի ելույթը:
Պետք է նկատել, որ մեծ է հավանականությունը, որ տեղի ունեցածը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Անդոնի քաղաքական կարիերայի վրա: Ցանկության դեպքում Նիկոլը կարող է նրան լուսանցք մղել՝ հարվածելով ոչ միայն նրա ներկուսակցական հեղինակությանը, ու թեպետ Անդոնը նախկինում հայտարարել էր, որ իր ու շեֆի միջև սեպ խրելը անիմաստ է, սակայն այս միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել իշխող թիմում. եթե Նիկոլը բացահայտորեն բոյկոտում է նրա ելույթը, դա հուշում է վստահության նվազման ու Անդոնի համար դրանից բխելիք հետևանքների մասին։ Չնայած բացառված չէ նաև, որ ընդդիմության «ջգրու» Նիկոլը շատ չխորացնի թեման՝ նախընտրելով ընտրություններից առաջ չբացահայտել ՔՊ-ի ներսում տիրող իրական մթնոլորտը:

Բոլոր դեպքերում Անդոնի՝ ՔՊ-ի ցուցակում հայտնվելը կարող է դրվել կասկածի տակ՝ չնայած այն հանգամանքին, որ նա համարվում է բավական թրծված ու խորամանկ գործիչներից մեկն այդ քաղաքական ուժի ներսում: