Պետական պարտքն ավելացել է 80%-ով, աղքատության մակարդակը նվազել է. ֆինանսների նախարար (Video)


12:48 , 12 նոյեմբեր, 2025

եր տեսլականը պարզ է, ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական և մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքականության, հեռատեսության և առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է։ Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 26 թվականի ընտրական տարվա մեր բյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում։ Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ և երկարաժամկետ հնարավորությունները, գտնելով դրանց հավասարակշռման կետը, միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունը ու նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է անվանել իսկապես աննախադեպ մոտեցում»,- նշել է նա:

Հովհաննիսյանը նշել է, որ 2024 թվականի արդյունքներով աղքատության մակարդակը նվազել է 2%-ային կետով՝ կազմելով 21.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.1%-ից նվազել է 0.6%-ի:

«Մենք ակնկալում ենք, որ այս միտումները կպահպանվեն՝ հատելով բարեկեցության ներկա սահմանները և նպաստելով մեր հասարակության բարօրությանը։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8%: Այս բյուջեով հարկաբյուջետային քաղաքականությունը մենք կառուցում ենք պատասխանատվությամբ և հավասարակշռությամբ։ Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում միջնաժամկետ հատվածում՝ այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։ Այս համատեքստում  մենք իրականացնում ենք տնտեսական ներուժի բարձրացմանը միտված ծրագրեր, ուղղված ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը»:

«Թեև պետական պարտքի կառավարելիությունը մեր ընդդիմախոսների սիրելի և հաճախ հնչեղորեն մեջբերվող թեմաներից է, և աչքի ընկնել ցանկացողները, որոնք այլ ասելիք չունեն, հենց այս թեմայից են խոսում, այնուամենայնիվ մենք գերադասում ենք իրականությունը դիտարկել ոչ թե վերտառություններով, այլ թվերով և փաստերով։ Հաճախ կարդում եմ այն մասին, որ 2018 թվականից ի վեր մեր պետական պարտքը կրկնապատկվել է։ Ստիպված եմ կրկնել, որ պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն հայաստանցիների հարստանալու և իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է նա:

«Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն ի դեպ ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100% -ով, այլ 80% -ով։ Եվ այսպես, վերջին յոթ տարիներին մենք այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը մեկ ու կես տարում, այդ խնայած գումարով կկարողանայինք մեկ ու կես տարում պարտքը մարել։ Իսկ ինչու այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները և ամբիցիաները էապես փոխվել են։ Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք մեկ ու կես տարում փակել 2018 թվականից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 18 թվականի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58%-ով և օրինակ ՊՆ ծախսը պիտի 429 մլրդ-ով կրճատենք»,- նշել է նա: