11:39 , 4 հոկտեմբեր, 2013
Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան ու ոչ միայն հայաստանյան տեղեկատվական դաշտը եռում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր, Զարուհի Փոստանջյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված տխրահռչակ հարցի առնչությամբ: Հնչող կարծիքների մեջ կան ծայրաստիճան հակասականներ, բայց ճնշող մեծամասնությունը հանգում է նրան, որ ԵԽԽՎ բարձր հարթակը այն տեղը չէր, որտեղից պետք էր նման հարց տալ:
Եթե վերլուծենք հնչող տեսակետները, ապա ամենածայրահեղները հերոսացնում են Փոստանջյանին, համարելով նրա արարքը համարձակության ու խիզախության դրսևորում, իսկ ծայրահեղականության մյուս բևեռը որակում է դա որպես դավաճանություն, թրքություն և որպես այլ մահացու մեղքերի դրսևորում: Անդրադառնալով Փոստանջյանի արարքը գովաբանելուն ու նրա անձը հերոսացնողներին, պետք է նշել, որ իրականում ոչ մի հերոսություն էլ չկար նման արարքի մեջ, որովհետև վաղուց անցել են այդ ժամանակները, երբ ընդդիմադիր ինչ որ գործչի իր հնչեցված կարծիքի համար՝ ինչ որ ֆիզիկական բռնությունների ենթարկեին կամ ավելի մեծ սահմանափակումների, քան ամեն օր առնչվում են այլ ընդիմադիրները:
Ընդհակառակը, արտասահմանյան քաղաքական իսթեբլիշմենթի տեսակետից սա թեթևամիտ արարք է, որը չի կարող պատիվ ու վարկանիշ բերել որևէ քաղաքական գործչի, որը հավակնում է ներկայացուցչական ընդդիմադիրի դերին: Առհասարակ, զարգացած ժողովրդավարություններում ընդունված չէ քաղաքական դիվիդենտներ հավաքել ու «երկիրը փրկել»՝ սեփական երկրիդ անունը ցեխի մեջ թաթախելով, իսկ նման ամբիոններում երկրի նախագահը բացի մարդ արարած լինելուց, արտասահմանցիների համար մարմնավորում է հենց երկիրը:
Զարուհի Փոստանջյանի արարքի մեջ չկար նաև կառուցողականության նշույլ, որովհետև ակնհայտ էր, որ անգամ ԵԽԽՎ հարթակը չունի այն իրավասությունները, որպեսզի միջամտի կամ անգամ դիրքորոշում հայտնի նման հարցերի շուրջ: Փոստանջյանը նույն հաջողությամբ կարող էր այլ մեղադրանքներ էլ հնչեցնել, միևնույն է, նրանից ոչ ոք փաստեր ու հավելյալ տեղեկություններ չէր պահանջելու, ոչ էլ բարի եվրոպացի քեռիներն էին գալու ու նմանատիպ հարցերին լուծում տալու: Միակ շոշափելի արդյունքը, կամ «հերոսությունը», որ բերեց Փոստանջային ելույթը, նրանում է կայանում, որ այսօր թուրքական ու ադրբեջանական բոլոր թերթերում ու լրատվամիջոցներում գլխավոր նորություններից մեկը հենց այս հարցն է, ինչը բնականաբար չի կարող ոչ մի դրական ազդեցություն ունենալ, թե՛ Հայաստանի Հանրապետության վարկանիշի, թե՛ Հայաստանում վարվող ներքին քաղաքականության վրա:
Մյուս կողմից, արդեն իսկ հնչում են կոչեր ու սպառնալիքներ Փոստանջյանի հասցեին, իսկ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ Փոստանջյանն այլևս չի ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմի մեջ: Եթե հիշում եք, երեկվա իր ելույթում նախագահը առանձնակի շեշտադրում արեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ պետք է գերակայի օրինականությունը և որտեղ գործում է խոսքի ազատություն: Ուստի, սխալ կլինի, եթե իշխպանությունները ինչ որ ռեպրեսիվ միջոցների դիմեն Փոստանջյանի նկատմամբ՝ ելնելով նրա արած սկանդալային հայտարարությունից:
Բացի նրանից, որ դա արդյունավետ չէ ու կունենա տրամագծորեն հակառակ արդյունք, դա նեև վնասակար է նույն իշխանությունների վարկանիշի համար, որովհետև հասկանալի է, որ ՀՀ-ի ու մասնավորապես Փոստանջյանի հետագա կացության վրա իրենց ուշադրությունը սևեռված են պահելու շատերը, այդ թվում նաև մեզ ոչ այնքան բարեկամական ուժերը: Բացի դրանից, եթե Հյաստանը իրոք ժողովրդավարական երկիր է, ապա պետք է մեկընդմիշտտ գիտակցենք, որ վհուկների որսի, ստալինյան տռոյկաների ու լինչի դատաստանների մեթոդիկան անցյալում թողնելու ժամանակն է:
Փոստանջյանը քաղաքական գործիչ է ու նրա քաղաքական վարքի գնահատականը տալիս է ժողովուրդը, ինչը արտահայտվում է նաև ընտրություններում ցուցաբերվող արդյունքներով: Փոստանջյանը մեկ անգամ արդեն աչքի ընկավ ոչ միանշանակորեն ընկալված քայլով և դա լայնորեն օգտագործվեց այն քաղաքական ուժի դեմ, որը նա է ներկայացնում: Սա էլ երկրորդ դեպքն է արդեն, որ անկասկած դեռ երկար է մնալու խոսկցությունների ու շահարկումների թեմա: Վերջիվերջո, պետք է գիտակցենք, որ անգամ նման հայտարարությունների համար վենդետտա կազմակերպելը հարիր է ու սպասելի Ադրբեջանի պես պետություններից, իսկ դա վստահաբար այն մոդելը չէ, որին պետք է կրկնօրինակել:
Այսպիսով, կարելի է գալ շատ պարզ եզրահանգման. Փոստանջյանի արարքը ճիշտ չէր, դրական արդյունք չուներ, կառուցողական չէր, հերոսական չէր, պետական շահերից չէր բխում, բայց միևնույն ժամանակ, պետք չէ նմանվել ավտորիտար ռեժիմերին և քաղաքական ու ֆիզիկական հալածանքների պատճառ դարձնել այս միջադեպը՝ Փոստանջյանի նկատմամբ, որովհետև դրա արդյունքները կարող են մրցել իրենց դեստրուկտիվիզմով այն արարքի հետ, որի պատճառով բարձրացավ այս աղմուկը: