11:22 , 4 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Կայծ, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎում հայտարարեց, որ մենք պատրաստ ենք ամբողջովին
ստորագրել ԵՄասոցացման պայմանագիրը,մյուս կողմից էլ Ռուսաստանի ճնշումների
մասն խոսելն ավելորդ համարեց: Ի՞նչ եք կարծում՝ նոյեմբերին հնարավո՞ր է այլ
ձևաչափով փաստաթղթի ստորագրում:
Հայաստանի նախագահի ԵԽԽՎ-ի հայտարարությունը նախևառաջ փորձ էր ցույց տալու, որ Հայաստանը չի կարող խաղալիք դառնալ եվրոպացիների և ռուսների ձեռքերում: Երկրորդ՝ նա ցույց տվեց, որ Հայաստանը խնդիր չունի ոչ Եվրոպական միության և ոչ էլ Ռուսաստանի հետ: Նա ցույց տվեց, որ խնդիրն ավելի շատ Մոսկվայի և Բրյուսելի միջև է, հատկապես Եվրամիության այն երկրների, որոնք բարդ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, գլխավորապես բալթյան պետությունները՝ Լեհաստանը և Շվեդիան: Բայց Եվրամիության գլխավոր պետությունները՝ Ֆրանսիան և Գերմիանիան, չեն տեսնում հակասություններ Մաքսային միության և Ասոցացման պայմանագրի միջև: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ քանի որ բոլոր պետություններն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, պետք չէ հակասություններ տեսնել: Եվ ինչպես տեսնում եք, այդ ելույթն իրականություն դարձավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո, քանի որ Օլանդը վստահաբար Հայաստանի խոսքին ուշադիր հետևեց և վստահաբար պետք է փորձի համոզել Եվրամիության գործընկեր պետություններին, որ Հայաստանի կեցվածքը ճիշտ է և պետք է քաջալերել, օգնել, որ Հայաստանը թե ԵՄ ասոցացման պայմանագիրը, և թե ՄՄ պայմանագիր ստորագրի:
Այսինքն՝ և…և տարբերակը դեռ փակված չէ և նորից ակտուալանո՞ւմ է:
Անշուշտ փակված չէ, քանի որ դեռ չգիտենք՝ ինչ ասել է Մաքսային Միություն, փակված չէ, քանի որ դեռ չգիտենք՝ ինչ կեցվածք կցուցաբերեն Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, որոնք պատրաստ են ստորագրել ԵՄ ասոցացման պայմանագիրը, բայց Ադրբեջանը, Բելոռուսը՝ ոչ: Սա է իրականությունը, բայց Հայաստանը չի ուզում որևէ վտանգի առաջ կանգնել, մանավանդ ռուսների հետ:
Կայծ, արդյոք արդեն իսկ Հայաստանի նկատմամբ վստահության կորուստ չկա, մանավանդ,
որ Ֆյուլեն էլ հայտարարեց այդ մասին:
Վստահության խնդիր կա, որովհետև բանակցությունները եվրոպական չափանիշներով է մշակված, բայց Հայաստանը հույսը և շեշտը դնում է Բեռլինի և Փարիզի վրա: Եթե այդ երկուսը համաձայն են Հայաստանի հետ, ուրեմն խնդիր պետք է ստեղծվի Եվրամիության, ոչ թե Հայաստանի մեջ: Այսինքն՝ շեշտը դրվում է երկու պետությունների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնահերթությունների վրա, որովհետև այս երկու պետությունները նախ զորավոր են, և հետո լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, զարգացած պետություններ են, բացի այդ, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Մյուս կողմից, սփյուռք կա Ֆրանսիայում, որը կարևոր դերակատարություն ունի այդ գետնի վրա: Բայց վստահության հարց կա, մանավանդ եվրոպական ղեկավարների հետ, բայց եվրոպական ղեկավարները ստիպված են կարգապահություն ունենալ, մանավանդ եթե Գերմանիան և Ֆրանսիան ստիպեն ամբողջ եվրոպական պետություններին այս ձևերով գնալ: Բայց արդյոք ինչպե՞ս պետք է վարվի Ռուսաստանի հանդեպ Եվրոպան, մի քիչ խի՞ստ,թե՞ չափավոր ձևով: Սա է խնդիրը:
Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ելույթը:
Պետք է հաշվի առնել, որ ՀՀ նախագահի ելույթը Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո է և նրա օգնությամբ է, որ այդ ելույթը պատրաստվել է: Բացի այդ, Հայաստանի նախագահը չի կարող ինքնաբերաբար հայտարարել, որ ճնշումներ են եղել, քանի որ վերջիվերջո ինքը ինքնիշխան պետության նախագահ է և չի կարող խոսել ճնշումներից, քանի որ կնշանակի՝ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ է: Երրորդ՝ եվրոպացիներն ուզում են խաղաղություն, կայունություն, լավ մթնոլորտ ստեղծել Հարավային Կովկասի մեջ: Եվ այս ելույթը ցույց տվեց, որ տարածաշրջանում պետությունը, որ խանգարում է, Ադրբեջանն է, քանի որ մենք համաձայն ենք բոլոր փաստաթղթերի հետ, բայց Ադրբեջանը չի ուզում ստորագրել այդ փաստաթղթերը:
Ուզում եք ասել՝ Հայաստանը ոչ հաղթած, ոչ էլ պարտվա՞ծ դուրս եկավ այս
բանակցություններից:
Այո, այս պահին ոչ հաղթած, ոչ պարտված է, հիմա սպասողական փուլ է, նայած թե ինչ կասեն ֆրասիացիները կամ գերմանացիները: Եթե հանկարծ Ֆրանսիայի նախագահը կամ Գերմանիայի վարչապետը, կամ որևէ այլ կարևոր պաշտոնյա հայտարարի, որ Հայաստանը կարող է ստորագրել ԵՄ ասոցացման պայմանագիրը, և նաև իր ուզած ձևով ՄՄ անդամ լինել, սա արդեն այլ հարց կլինի, բայց պետք է իմանանք՝ Ֆրանսիան ինչ պետք է ասի և ով պետք է խոսի, արդյոք Ֆրանսիայի իշխանությունները համաձայն են ամբողջությամբ Հայաստանի կեցվածքի հետ, թե ոչ, արդյոք Գերմանիան պետք է հետևի Ֆրանսիայի դիրքորոշմանը, թե ոչ, և որն է առհասարակ Ֆրանսիայի կեցվածքը: Եթե ընդունում են, որ հակասություն չկա, նշանակում է՝ խնդիր չունենք Ռուսաստանի հետ, իսկ եթե ոչ, կնշանակի խնդիր կա:
Խնդիրը Մոսկվայի և Բրյուսելի միջև է:
Ֆրանսիան չի կարող հակահայկական քաղաքականություն իրականացնել, և պետք է նկատել, որ ամեն անգամ երկկողմ հանդիպումներին դրական արդյունք է լինում: Բայց, ի վերջո, վախը պետք է մեր մարմնից, մեր հոգուց դուրս գա, պետք է հաղթահարվի: Մեր թշնամիներն են ուզում քաջալերել դա, որ մենք մնանք միշտ իրենց տրամադրության տակ՝ վախեցնել հայ ժողովրդին, որ ազատ չմտածի, մեր պատմական խնդիրը սա է: