14:39 , 7 նոյեմբեր, 2025Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին թույլ չի տվել հեռանալ ազգային թիմից աշխարհի առաջնության նախորդ տուրի հանդիպումից հետո, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը ազգային թիմի գլխավոր մարզիչի հետ հանդիպումից։
«Տիգրան Բարսեղյանը խաղից հետո ցանկանում էր ներողություն խնդրել եւ հեռանալ ազգային հավաքականից։ Ես թույլ չտվեցի, քանի որ դա կլիներ էմոցիոնալ որոշում։ Նրան ասել եմ՝ բան մի խոսիր, թող ժամանակ անցնի:
Բարսեղյանի կարմիր քարտը միջադեպ չէր, անհաջողություն է եղել։ Հանդերձարանում որեէ վեճ չի եղել։
Ասում են՝ ներողություն չի ասել, բայց ես թույլ չեմ տվել։ Ես նրա տեղն եմ ասել։
Ճիշտ են այն լուրերը, որ Բարսեղյանը չի ցանկացել միանալ հավաքականին իմ գլխավորելուց հետո։ Ես որոշեցի խոսել նրա հետ։ Խոսեցի, եւ նա փոխեց իր որոշումը։ Բարսեղյանը շատ հայրենասեր է։ Այս հայրենասիրության ազդեցությունն էր նաեւ Իռլանդիայի խաղի ընթացքում նրա հույզերը, որի արդյունքում կարմիր քարտ ստացավ։
Եթե ես տեսնեի անլրջություն, կարգապահության խնդիր, շատ չոր կլինեի։
Ասել եմ՝ կարմիր քարտով մի հեռացիր հավաքականից։ Կարմիր քարտով էմոցիաների տակ մի ավարտի կարիերադ»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Հոկտեմբերի 14-ին Դուբլինում անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան մրցախաղում Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել 52-րդ րոպեին մրցակցի հետ վիճաբանության ժամանակ նրա դեմքին գլխով հարվածելու համար։
ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ հավաքականի ավագը բաց կթողնի նոյեմբերի երկու ընտրական հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, նաև ազգային թիմի եւս մեկ պաշտոնական խաղ։