23:34 , 6 նոյեմբեր, 2025
Ռուսաստանից Հայաստան առաքված ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1050 տոննա ընդհանուր քաշով, ժամանել է Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
«Բեռը, որը տեղափոխվել է 15 հացահատիկային վագոններով, անցել է Ադրբեջանի տարածքով և հատել Վրաստան–Հայաստան պետական սահմանը։ Հացահատիկը կմատակարարվի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Դալարիկ կայարան։
Նոր լոգիստիկ ծառայության գործարկումը հնարավոր է դարձել այն որոշման արդյունքում, որով վերսկսվել է բեռնափոխադրումների իրականացումը դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Սա նման փոխադրումների առաջին փորձն է 1990-ականներից ի վեր։
Մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսվում է այս երթուղով առաքել ևս 132 վագոն ցորեն։ Բացի դրանից, նախատեսվում է քննարկել նաև այլ տեսակի բեռների տեղափոխման հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։