Ռուսական ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան․ Պապոյան


23:52 , 5 նոյեմբեր, 2025

Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սա ռուսական ցորենն է, որը սովորաբար գալիս էր Վերին Լարսով։ Գիտեք՝ այնտեղ ինչպիսի դժվարություններ կային, հերթեր, միևնույն ժամանակ տրանսպորտային հաղորդակցությունը բավականին խոչընդոտներ ուներ։ Սա Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան, և Վրաստանից Հայաստան»,- ասել է նախարարը։