14:34 , 5 նոյեմբեր, 2025Դուք ասացիք, որ 16.4 %-ով կալանքի միջնորդությունները նվազեցրել եք, բայց արդարադատության նախարարը շարունակում է հնչեցնել ահազանք առ այն որ, կալանքների թիվը շարունակում է լինել մտահոգիչ, քանի որ մեր երկում դատապարտյալներն ավելի քիչ են, քան կալանավորվածները, ակնհայտորեն մարդկանց կալանավորում եք, բայց հետո այն դատական վախճան չի ունենում, կամ կալանքները փոխարինվում են խափանման այլ միջոցների։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ՝ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, ասաց ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Քանի որ կալանքների մասով դուք շատ ակտիվ եք և կալանքի միջնորդություն ներկայացնելուց շատ չեք վարանում, ես այդ առիթով ուզում են ձեզ խորհրդանշական նվեր նվիրել, որը, հուսամ, կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին, և ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելոիս դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի, ամենաճիշտ որոշումը չէ»,–ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի հարցին միջամտեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. «Ամենայն հարգանքով, խոսքի ազատության և պատգամավորի կարգավիճակին բնորոշ ցանկացած բան ընդունելի է, բայց եթե ցանկություն ունեք պարոն Պողոսյանի նկատմամբ ինչ–որ այլ քաղաքական ակցիա իրականացնել, սա լավագույն ձևաչափը չէ։ Նվերները հայտարարագրման հետ կապված էլ ունենք սահմանափակումներ»։
Թովմասյանը արձագանքեց, որ շատ ցածր արժեքով նվեր է ընտրել և դիմելով Վլադիմիր Վարդանյանին, ասաց, որ նա խոչընդոտում է իր գործունեությանը։
Վլադիմիր վարդանյանը շարունակեց պնդել իր դիրքորոշումը. «Սա չի նշանակում, որ քննարկումը պետք է վերածվի իրավապահ համակարգի նկատմամբ ինչ-որ ֆլեշմոբերի, այնպես որ խնդրում եմ այդ ձեռնաշղթան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը»։
Թովմասյանը նշեց, որ խոսում են ՔԿ-ի գործունեության արդյունավետության մասին, որը բյուջեից ստանալով ահռելի միջոցներ, հանրության մոտ որոշակի մտահոգություններ կան նրա գործունեության վերաբերյալ, և առաջնային մանդատ ունեցող պատգամավորները իրավունք ունեն հարցեր հնչեցնել։
«Այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է և ձեզ որոշակիորեն կուղղորդի ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, թե արդյոք արժե կալանքի տանել այս քաղաքացուն»,-ասաց Թովմասյանը և նշեց, որ տպավորություն է, որ Քննչական կոմիտեն ակտիվ է քաղաքացիների նկատմամբ երբ կա քաղաքական հրահանգ, իսկ հանցագործները ազատության մեջ ման են գալիս և մի քանի ժամում 4 մարդ են սպանում։
Արթուր Պողոսյանը հրաժարվեց նվերից՝ ասելով. «Ինձ նվեր պետք չէ, առավել ևս, այդ խաղալիքը, ես դրա իսկականն ունեմ»։