Մալդիվներում 2007 թվականից հետո ծնվածներին կարգելվի ծխել, օրենքը կտարածվի նաև զբոսաշրջիկների վրա


00:34 , 4 նոյեմբեր, 2025

Մալդիվները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը համազգային մակարդակով արգելել է ծխելը երիտասարդ սերնդի համար։ Երկրի իշխանությունները արգելել են ծխելն ու ծխախոտի վաճառքը 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր անձանց, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Մալդիվների առողջապահության նախարարությունն անցյալ շաբաթվա վերջին հայտարարեց, որ երկրում երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործումը, գնումը կամ վաճառքը կլինի անօրինական։ «Արգելքը արտացոլում է կառավարության ամուր հանձնառությունը երիտասարդներին ծխախոտի վնասներից պաշտպանելու հարցում», - հայտարարել է նախարարությունը։

Մալդիվների ծխախոտի արտադրության վերահսկման խորհրդի փոխնախագահ Ահմեդ Աֆաալը նշել է, որ անցյալ տարի երկրում վեյփինգի ընդհանուր արգելքը լավ քայլ էր դեպի ծխախոտից զերծ սերունդ ունենալու ճանապարհին։

Նոր արգելքը վերաբերում է ծխախոտի բոլոր տեսակներին, և մանրածախ առևտրականները պարտավոր են ստուգել գնորդների տարիքը վաճառքից առաջ։  Տվյալ քայլը համապատասխանում է պետության պարտավորություններին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» կոնվենցիայի շրջանակում։