08:10 , 30 հոկտեմբեր, 2025Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը «պատարագ» անցկացրեց, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները։ Սակայն հետո պարզ դարձավ, որ Ստեփան Ասատրյանը միակ նախկին եկեղեցականը չէր։ «Sputnik Արմենիան» պարզել էր, որ պատարագին մասնակցել է նաև նախկին սարկավագ Ռոբերտ Աղազարյանը։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ հայտնեց, որ դաջվածքով «դպիրներից» մեկը ՔՊ-ական է եղել։
Տեր Սարգիս քահանա Սարգսյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ովքեր են բարձրացել խորան և պատարագի մասնակիցը դարձել։
«Այդ օրը Հայր Շնորհքը գնաց ներկայացնլու մեր իրավունքները, որ այն, ինչ կատարվում է Հովհաննավանքում, մեր կարգ ու կանոնին դեմ է և կարգալույծ հոգևորականն արդեն աշխարհիկ մարդ է։ Եթե դա չհարգվեց և չպահվեց, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Այնտեղ ով ասես կարող էր լինել։ Ինձ չի էլ հետաքրքրել, թե ովքեր են եղել իր կողքին։ Կարգն այսպիսինն է՝ օծյալ հոգևորականը, որպեսզի պատրաստվի պատարագին, ունի իր օգնականները։ Մենք ունենք երեխեք, ունենք մեծահասակներ, ովքեր իրենց օգտակարությունն են բերում Եկեղեցուն՝ ծառայություն բերելով։ Այդ մասին տեղյալ է թեմակալ առաջնորդը, դպրական ձեռնադրություններ են եղել թեմում, աստիճան է շնորհվել, որպեսզի երխաները ըստ կարգ ու կանոնի բարձրանան խորան և իրենց ծառայությունը բերեն խորանին։ Այդ ամենի մասին գիտեր նաև նախկին հոգևորականը»,-ասաց Տեր Սարգիսը։
Հայտնի դարձավ նաև, որ կարգալույծ հոգևորականը փոխել է եկեղեցու փականները։
«Զուտ հայտնել են մեզ։ Դա տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, կարգալուծության հռչակումից մեկ կամ երկու օր հետո այդ գործողությունն իրականացվել է։ Ես ոտիկանության աշխատակիցներից մեկից հարցրեցի, ասաց՝ անվտանգության համար է։ Մտածեցինք, որ վարչապետի անվտանգության հետ կապված այդպիսի միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետը եկավ, գնաց, բանալիները կրկին մնացին իրենց մոտ»,-նշեց Տեր Սարգիսը։
Նա ասաց, որ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ներկայացուցիչ Հայր Շնորհքը Ստեփան Ասատրյանին հորդորել է, որ հանձնի բանալիները և գնա, ինչին ի պատասխան՝ կարգալույծ հոգևորականը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ և չի ընդունում Մայր Աթոռի հայտարարությունը, ինչից հետո հրմշտոց է եղել։
Հարցին, թե ի՞նչ իրավունքով են եկեղեցու փականները փոխում, Տեր Սարգիսն արձագանքեց․ «Այդտեղ մնացած ամեն ինչն օրինակն էր, այդ մի բանն էր անօրինակա՞ն»։
Ըստ Տեր Սարգսի՝ այդ ամենը կանխավ մտածված է եղել, որպեսզի հնարավոր չլինի Ստեփան Ասատրյանին արգելել մտնել եկեղեցի։
«Մեր իրավունքները Արա Զոհրաբյանը ներկայացրել է և դա մնացել է անպատասխան։ Պարոն Զոհրաբյանն այցելել էր Հովհաննավանք, նա ներկայացրել էր Մայր Աթոռի իրավունքները, որ Եկեղեցին և տարածքը պատկանում են Մայր Աթոռին և խորան, ավանդատուն, ատյան և բոլոր այն տեղերը, որոնք սահմանված են հոգևորականների համար, կարգալույծ եղածը և որևէ մեկն իրավունք չունի գտնվելու։ Պետք է ոստիկաններ գային հանդիպման, որ այդ հարցին լուծում տրվեր, իրենք այդպես էլ չեկան»,-ասաց Տեր Սարգիսը։
Ստացվում է, որ օրինական հոգևորականը, որը նշանակված է ծառայության Հովհանավանքում, չի կարողանում անարգել գնալ իր ծառայության վայր։
«Ես հիմա, որ ազնվությամբ ասեմ՝ այդ աուրայի մեջ չեմ էլ ուզում գնալ, որովհետև գնում ես ու չես կարողանում աղոթել կամ ծառայությունդ մատուցել։ Դրա համար ես խնդրել եմ մեր վարչական խորհրդին և Մայր Աթոռին, որ այդ հարցին լուծում տրվի և առայժմ ազատեն ինձ այդ տարածք գնալուց։ Ես ունեմ նաև հովվության այլ գյուղեր։ Պետք է մարդ սիրտ ունենա, որ գնա մարդկանց հետ հանդիպի և համապատասխան ծառայություն մատուցի։ Այդ ամբողջ լարվածության մեջ գնում ես ուրիշ գյուղ, չգիտես մարդկանց ո՞նց օգնես։ Երեկ ընդհանրապես չեմ գնացել Հովհաննավանք»,-նշեց Սարգիս քահանա Սարգսյանը։
Հարցին, թե արդյոք այս օրերին Հովհաննավանքում շարունակվում են եկեղեցական ծեսերը, նա ասաց, որ իր տեղեկություններով, շատերը հրաժարվել են։
«Նոյեմբերի 1-ին պետք է հարսանեկան արարողություն ունենայինք այնտեղ, ինձ խնդրեցին, որ ես գնամ, եթե ոչ՝ ուրիշ եկեղեցում անեն։ Իրենց օգնեցի, ուրիշ եկեղեցի ընտրեցին և ես կգնամ, իրենց արարողությունն այնտեղ կանեմ»,-ասաց հոգևորականը։
Տեր Սարգիսը մտահոգություն հայտնեց, որ եթե կիրակի օրը վարչապետը կրկին գնա Հովհաննավանք, իրենց թույլ չեն տա մոտենալ եկեղեցուն։