Երևանում վերակառուցվող պատմամշակութային շենքի վրայից երկաթե ամրաններով պաշտպանիչ ցանցը ընկել է կայանված ավտոմեքենաների վրա
17:55 , 26 հոկտեմբեր, 2025
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում քամու հետևանքով Արամի 54 շենքին շինարարական երկաթյա ձողերով հավաքված ցանցը պոկվել ու ընկել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտբար տուժածներ չկան:
Վնասվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Վանիկ Վ.-ին պատկանող, կայանված «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Հայկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Վերջիններիս սեփականատերերը հրաժարվել են ծառայությունից:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Հակոբյանն ու Միքայել Քոչարյանը:
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան վարչությունների աշխատակիցները, որպեսզի ցանցը հեռացնեն նշված վայրից: