21:30 , 3 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Գևորգ Գևորգյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:
33-ամյա Գևորգ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել շորթման ու տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Տուժողը Գևորգի հարևանուհի Հերմինեն է, նա անթաքույց զբաղվում է մարմնավաճառությամբ:
2013 թվականի հունվարի 14-ին Հերմինեն բողոքել է, թե հարևան Գևորգը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012 թվականի հոկտեմբերից սկսած՝ պարբերաբար իրեն սպառնացել է, թե խնդիրներ կառաջացնի, եթե ինքը նրան կանխիկ գումար չտա:
Ինքը վախեցել ու պարբերաբար Գևորգին տվել է 3-ից 5 հազար դրամ, լիցքավորման քարտեր, ոսկե մատանի:
Ըստ Հերմինեի՝ 2013 թվականի հունվարի 13-ի երեկոյան Գևորգը մտել է իր բնակարան, հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ծեծել է նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:
Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Գևորգյանը շորթման մասով իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ծեծի մասով մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Ըստ Գևորգի՝ 30 հազար դրամով Հերմինեին վաճառել է իր լուսանկարչական ապարատը, 40 հազար դրամով՝ բջջային հեռախոսը: Պայմանավորվել են, որ Հերմինեն այդ գումարները կվճարի մաս-մաս:
Ինքը Հերմինեին նաև զգուշացրել է, որ մարմնավաճառ ընկերուհիներին տուն չթողնի, քանի որ նրանց հետ շենք էին գալիս անծանոթ տղաներ՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում:
2013 թվականի հունվարի 10-ին ինքը մտել է Հերմինեի տուն, պահանջել, որ մարմնավաճառ ընկերուհուն հանի տանից:
Հաջորդ օրը իրեն զանգել են ու Սևանի գաղութում գտնվող Արտյոմի անունից ասել, որ Հերմինեին նեղություն չտա: Ինքը զայրացած գնացել է Հերմինեի տուն, վիճաբանել նրա ու ընկերուհու հետ:
Հերմինեի ահազանգով ոստիկաններ են եկել, իրեն ձերբակալել:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Գևորգ Գևորգյանի արարքում բացակայում են շորթման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, և այդ մասով արդարացրել է Գևորգ Գևորգյանին:
ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով Գևորգ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 100 հազար դրամ տուգանքի: Գևորգյանին անհապաղ ազատ են արձակել դատարանի դահլիճում:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրողը և տուժող Հերմինեն:
Մեղադրողը պահանջել է Գևորգյանին մեղավոր ճանաչել նաև շորթման մասով, նրան վերջնականապես դատապարտել 4 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:
Տուժող Հերմինեի բողոքի պահանջը մեղադրողի բողոքին համահունչ էր: Հերմինեն պահանջում է նաև, որ Գևորգից հօգուտ իրեն բռնագանձեն շորթված բոլոր գումարները:
Նախորդ նիստին մեղադրողը, պատճառաբանելով, թե ընդհանուր իրավասության դատարանում վկաների հարցաքննության արձանագրությունը կազմված է թերություններով, միջնորդեց վերաքննիչ դատարան հրավիրել ու հարցաքննել Հերմինեի երկու դուստրերին և «գործընկերուհի» Լիլիթին:
Այսօր իրենց մայրիկի հետ Կապանից Երևան էին եկել ու վերաքննիչ դատարան ներկայացել Հերմինեի աղջիկները:
Բարոյական տեսակետից շատ ցավալի էր, որ այդ դեռատի աղջիկները Երևան էին հասել վկայություն տալու, թե իրենց մոր՝ մարմնավաճառ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հարևան Գևորգը գումարներ էր շորթել նրանից:
Աղջիկները նշեցին, թե Գևորգի հետ իրենց հարաբերությունները նորմալ են եղել, բայց իրենց մայրը Գևորգին տեսնելով՝ միշտ վախեցել է:
«Գևորգի ներկայությամբ Հերմինեն Հերմինե չէր»,- համարձակ ասաց ավագ դուստրը: Նա բավական համարձակ էր պատասխանում հարցերին, կռվազան տոնով ասաց, թե մայրիկի՝ իրենց տանը հյուրընկալված ընկերուհիները մարմնավաճառներ չեն եղել, պարզապես պարբերաբար հյուր են եկել իրենց, նրանց մոտ տղամարդիկ չեն եկել, իրենք հարևանների անդորրը երբեք չեն խանգարել:
Մայրը, ըստ աղջկա, Գևորգին գումարներ ու հեռախոսի լիցքավորման քարտեր էր տալիս, որ նախկինում դատապարտված Գևորգը շենքում հովանավորի նրան, պաշտպանի մյուս հարևանների դժգոհությունից: Բայց, ըստ տուժող կողմի հավաստիացման, շենքում ոչ ոք մարմնավաճառությամբ զբաղվող Հերմինեի, նրա ընկերուհիների պահվածքից դժգոհ չի եղել, Հերմինեին միակ ճնշողը եղել է հենց Գևորգը:
Հերմինեի կրտսեր դուստրն ասաց, թե մայրը ոչ մի տեղ չի աշխատում, իրենցից հեռացած հայրն իրենց ոչնչով չի օգնում, և ինքը չգիտի, թե մայրն ինչ ճանապարհով է այնքան գումար վաստակել, որ դեռ Գևորգին էլ է բաժին հանել:
Ավագ դուստրն ավելի համարձակ հանդես գալով՝ ասաց, թե իրենք ապրել են նպաստով ու թոշակով: Աղջկա հաշվարկով՝ ամսական իրենց տուն այդ եղանակով 110 հազար դրամ է մտել, ու այդ գումարով իրենք ապրել են:
«Հունընվարի» 10-ին և 13-ին, երբ Գևորգն իրենց տուն է մտել զայրացած, պահանջել, որ մոր ընկերուհիները հեռանան, ըստ աղջկա՝ ինքը հարցրել է, թե ինչո՞ւ է Գևորգը խփում իր մորը: Գևորգն էլ ասել է՝ քո գործը չի, դու դուրս գնա սենյակից: Իրենց ներկայությամբ Գևորգը ոչինչ չի ասել:
Երբ աղջիկները վկայություն տվեցին-վերջացրին, դատարանը նրանց դուրս հրավիրեց: Դատավորները Հերմինեին հարցրին, թե ինչ ճանապարհով է գումարներ վաստակել:
Հերմինեն բոլորովին չնեղվելով պատասխանեց, թե իրեն զանգել են, կանչել, ինքը «դրսերն» է գնացել ու էնտեղից վերադարձել արդեն որոշակի գումարով: Նա ուզում էր շեշտել, թե տանը «գործ» չի արել, ըստ հեռախոսականչի՝ գնացել է հաճախորդին ընդառաջ:
Դատավորները դիտողություն արեցին փոքրամարմին, հեռվից պատանու հիշեցնող Հերմինեին՝ 14 և 15 տարեկան դուստրերի ներկայությամբ անբարո կյանք վարելու, ընկերուհի մարմնավաճառուհիներին իր տանը հավաքելու համար:
Ամսական միայն թոշակով ու նպաստով 110 հազար դրամ ստանալու պայմաններում, եթե ինչ-որ տեղ թեկուզ հավաքարարություն աներ, կարող էր Կապանում պահել երեք հոգուց բաղկացած ընտանիքը՝ առանց անբարո վարքի կեղտն ընտանիք բերելու, դեռահաս աղջիկներին նման մթնոլորտում վատ ազդեցության ենթարկելու, նրանց իր խոտոր ճանապարհին կանգնելու վտանգին ենթարկելու, իր երեխաների ապագան կործանելու:
Մեղադրողը չպնդեց, որ դատարան չեկող մարմնավաճառուհի Լիլիթին դատարան բերելու համար մեկ անգամ ևս նիստը հետաձգվի:
Բայց քանի որ դատարանը վկա աղջիկներին հարցաքննելով՝ անցել էր վերաքննության, ապա կողմերը պետք է հանդես գային ճառերով:
Մեղադրողը ժամանակ խնդրեց ճառի նախապատրաստվելու համար:
Նիստը հետաձգվեց:
Դատարանը տուժողին զգուշացրեց, որ մյուս նիստին կարող է իր աղջիկներին դատարան չբերել: