Բնակարանամուտ սահմանամերձ Խաչիկ գյուղում


20:03 , 3 հոկտեմբեր, 2013

ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում տեղի է ունեցել հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բնակարաններ են ստացել 9 զինծառայողների ընտանիքներ:
Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողներն, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:
Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին: