17:00 , 3 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Աֆրիկան, որտեղ բնակվում է շուրջ 1.2 միլիարդ մարդ, ցուցադրում է ուրբանիզացման ամենաբարձր տեմպերն աշխարհում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Աֆրիկային նվիրված ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի զեկույցը, որը հրապարակվել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում անցկացվող Բնակչության և զարգացման հարցերով միջազգային համաժողովի կապակցությամբ:
Եթե 1950թ. Սև մայրցամաքում քաղաքային բնակչության թիվը կազմել է 33 միլիոն մարդ (ընդհանուր բնակչության 14.4%-ը), ապա 2011թ. այն հասել է մինչև 414 միլիոն մարդու (39.6%), իսկ մինչև 2015թ. այն կհասնի 471 միլիոն մարդու (47.7%):
ՄԱԿ-ի կառույցի կարծիքով՝ Աֆրիկայում քաղաքները գնալով ավելի շատ են «վերցնում» դեմոգրաֆիկ աճի ընդհանուր չափաբաժնից, ինչը տեղի է ունենում գյուղերից քաղաքներ տեղափոխվելու հետևանքով:
Կանխատեսումների համաձայն՝ Աֆրիկայում արագացված ուրբանիզացման գործընթացը կշարունակվի, ինչը կառաջացնի սոցիալական բնույթի լուրջ փոփոխություններ, որոնք վերաբերում են մարդկանց կենսակերպի, կրթության, առողջապահության համակարգերի սկզբունքների փոփոխությանը:
Աֆրիկյան միության հետազոտության մեջ նաև նշվում է, որ Սև մայրցամաքում աֆրիկացիների շուրջ 42%-ը 15 տարեկանից փոքր են: