Թրամփը Նոբելյան մրցանակի հարցում առանձնապես կոշտ հայտարարություններով հանդես չեկավ՝ հավանաբար վստահ լինելով, որ իր հերթը հաջորդ տարի է


15:39 , 16 հոկտեմբեր, 2025
Թրամփի՝ Նոբելյան մրցանակ չստանալը ինձ չզարմացրեց։ Նրա թիմում էլ հասկանում են, թե որքան ոչ լիարժեք կլիներ այդ մրցանակը, քանի դեռ շարունակվում էր իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Իսկ այստեղ հրադադարը հաստատվեց մրցանակի ներկայացման ժամկետի ավարտից հետո, հետևաբար Թրամփը հաջորդ տարվա խաղաղության մրցանակի թեկնածու լինելու իրավունք ձեռք բերեց։
Այսօր արդեն «Նյու Յորք Թայմս»-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Թրամփը Կենտրոնական հետախուզական գործակալությանհ (CIA) հանձնարարել է հատուկ գործողություն կազմակերպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ և այդ երկրում իշխանափոխություն իրականացնել։ Հետևաբար ճիշտ չէր լինի, եթե մրցանակը ստանալուց օրեր անց ԱՄՆ նախագահը նման ռազմական գործողություն իրականացներ։ Այս տեսանկյունից շատ տրամաբանական է նաև այն, որ խաղաղության Նոբելյան մրցանակը տրվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին, ով էլ իր հերթին այս մրցանակի իրական հաղթող է հայտարարեկ հենց Թրամփին։
Ավելին, եթե հաշվի առնենք, որ հաջորդ տարվա Նոբելյան մրցանակաբաշխությունը կայանալու է ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից երեք շաբաթ առաջ (որոնք Թրամփի համար կենսական նշանակություն ունեն), ապա ամեն ինչ շատ տրամաբանական է թվում։
Հենց այս պատճառով էլ Թրամփը այս հարցում առանձնապես կոշտ հայտարարություններով հանդես չեկավ՝ հավանաբար վստահ լինելով, որ իր հերթը հաջորդ տարի է: