Լիբանանի հայոց թեմի առաջնորդը հրաժարական է տվել


16:03 , 3 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 10-ին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում: Հոկտեմբերի 2-ին Ազգային երեսփոխանական ժողովի արտակարգ նիստի ժամանակ Լիբանանի հայոց թեմի առաջնորդի հրաժարականը հաստատվեց: 

Երեկ Ազգային երեսփոխանական ժողովի դիվանի և Խառն ժողովի միացյալ ժողովը, հիմք ընդունելով Լիբանանի հայոց թեմի կանոնադրության 18-րդ հոդվածը, առաջնորդական տեղապահ է ընտրել Տ. Հարություն Ա. քահանա Կոստանյանին:

Ի դեպ, Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը 18 տարի եղել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ:

Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանի դիվանապետ Աբիկ Տանակոզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ սենսացիա պետք չէ փնտրել նրա հրաժարականի մեջ, քանի որ 18 տարի է՝ Տեր Գեղամ արք. Խաչերյանն առաջնորդ է, ինչը բավականին երկար ժամանակ է առաջնորդի համար: Բացի այդ, առջևում մեծաքանակ աշխատանքներ կան:

«Ըստ կանոնադրության 17 և 18-րդ հոդվածների՝ Ազգային երեսփոխանական ժողովի դիվանի և Խառն ժողովի միացյալ ժողովը առաջնորդական տեղապահ է ընտրել Տ. Հարություն Ա. քահանա Կոստանյանին»,- ասաց դիվանապետը՝ հավելելով, որ առաջնորդական տեղապահը նախապատրաստվում է նոր առաջնորդի ընտրության նախապատրաստական աշխատանքներին:

Նա նշեց, որ որևէ ներքին կոնֆլիկտ չկա, ավելին՝ այսօր երեկոյան ի պատիվ Գեղամ սրբազանի ճաշկերույթ են կազմակերպել, իսկ կիրակի օրը սրբազան հայրը հատուկ պատարագ պետք է մատուցվի մայր եկեղեցում:

Հարցին՝ արդյոք երիտասարդ մե՞կը պետք է գա, որը կկարողանա լուծել բոլոր խնդիրները, դիվանապետը նկատեց, որ երիտասադ մեկին բերելու հարց չէ, պարզապես սրբազանը գերհոգնած է, քանի որ արդեն 18 տարի ծառայում է: Նրա խոսքով՝ Լիբանանը փոքր գաղութ չէ, տասից ավելի ազգային վարժարաններ կան, 13 եկեղեցի: Այս բոլոր աշխատանքները հոգնեցուցիչ են: 

Ի դեպ, Գեղամ սրբազանը ընդամենը 51 տարեկան է, և նա շարունակելու է իր հոգևոր առաքելությունը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Գեղամ սրբազանը այլևս Լիբանանում չմնա, դիվանապետը պատասխանեց, որ նմանատիպ հարցերը որոշում է Արամ Ա վեհափառը, և նա պետք է որոշի, թե որ գաղութում ծառայություն կմատուցի սրբազան հայրը: