ՔՊ-ական Ռուբինյան Ռուբոն եթերում խեղկատակություն է արել


15:20 , 9 հոկտեմբեր, 2025
Ջանալով ապացուցել, թե իբր ՔՊ-ն կոռուպցիոներներից բաղկացած խմբակ չէ՝ ՔՊ-ական Ռուբինյան Ռուբիկը լրագրողին կոչ է արել հերթով ստուգել իր, Նիկոլի ու մյուս ՔՊ-ականների գրպանները՝ համոզվելու, որ դրանցում չկան փողեր:

Ռուբիկի ժեստը պետք է առավելապես համարել հումորի ինքնատիպ դրսևորում, որ ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ: Լավ, մի՞թե «Լամա Ռուբոն» կարծում է, թե մարդիկ այնքան միամիտ են, որ մտածում են, թե կոռուպցիան պետք է իր կամ Նիկոլի գրպաններում փնտրել մի դեպքում,երբ հայտնի է, որ այդ երևույթը երբեք չի սահմանափակվում այսպես կոչված ֆիզիկական փողերով, որոնք սովորաբար պահվում են ոչ թե ռուբիկների կոստյումի ծոցագրպանում, այլ օֆշորներում:

Ռուբիկի ժեստը նման է պոպուլիստական շոուի, որի առաջամարտիկը, ինչպես հայտնի է, նրա շեֆն է։ Քաղաքացիները տարիներ շարունակ պահանջում են ոչ թե «գրպանային ստուգումներ», այլ իրական համակարգային բարեփոխումներ՝ անկախ դատարաններ, հաշվետու կառավարություն, վերահսկողության ուժեղ մեխանիզմներ, որոնք երկրում ուղղակի բացակայում են։

Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է ինստիտուցիոնալ լուծումներ, ոչ թե գրպանները ստուգելու վերաբերյալ այս կամ այն լրագրողին ուղղված հրավեր։ Այսպիսի հայտարարությունները խորացնում են հասարակության հիասթափությունը, իսկ երբ իշխանության ներկայացուցիչը փորձում է կոռուպցիայի դեմ պայքարը վերածել խեղկատակության, դա ընկալվում է որպես անլրջություն և իրական խնդիրներից խուսափում,ինչը տվյալ դեպքում, իհարկե, խեր է. Նիկոլի վարկանիշին է Ռուբիկն այս վճռորոշ ժամանակահատվածում վնաս հասցնում: