Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի


23:06 , 1 հոկտեմբեր, 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախօրեին՝ սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի։ Այս մասին տեղեկանում ենք DataLex տեղեկատվական համակարգից։

Նա Արթուր Հովհաննիսյանից պահանջում է հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար։ Թագուհի Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 մլն դրամ, որից 3 միլիոնը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Պատգամավորի ներկայացրած հայցադիմումը մակագրվել է  Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Սամվելի Շիլաջյանին։