Նիկոլի օրգանական կապը միայն թուրքերի հետ է
15:20 , 30 սեպտեմբեր, 2025
Հայտարարելով, թե ժողովուրդն ինքն է որոշելու իր իսկ ձևակերպած «խաղաղության օրակարգի» ճակատագիրն ընտրություններում՝ Նիկոլը պնդել է՝ իրենք՝ ժողովրդի հետ կապված են օրգանական կապով:
Նախ հարց է առաջանում, թե ինչից ելնելով է Նիկոլը պնդում, թե իբր ժողովուրդն է սահմանել «խաղաղության օրակարագը», երբ հայտնի է, որ այն ՔՊ-ի կատարմամբ ոչինչ, բացի միակողմանի զիջումներից, չի ենթադրում: Ընդ որում՝ այդ միակողմանի զիջումների գնով անգամ հնարավոր չի դառնում Իլհամին զսպել, ինչի վառ ապացույցը նրա հակահայկական բեմադրություններն ու ելույթներն են. առիթը բաց չի թողնում հայությանը ստորացնելու, մեղադրանքներ հնչեցնելու ու Նիկոլին փալասի տեղ դնելու: «Խաղաղութան օրակարգ» կոչվածը ծայրից ծայր թուրքական օրակագ է, որի հետ ժողովուրդը կապ չունի:
Երկրորդ՝ եթե իշխանությունն իսկապես օրգանական կապ ունենար ժողովրդի հետ, ինչպես պնդել է Նիկոլը, ապա հասարակության լայն շերտերում չպետք է ձևավորվեր խորացող անվստահություն։ Ինչպես վկայում են բազմաթիվ ուսումնասիրություններ, իշխանության և ժողովրդի միջև առկա է ոչ թե օրգանական կապ, այլ խորացող ճեղք, նույնիսկ ատելություն։ Հանրությունն իրեն անտեսված է զգում պետական որոշումների կայացման հարցում՝ վերաբերող ոչ միայն արտաքին քաղաքականությանը կամ անվտանգությանը։ Այսօր հայ մարդն օտարված է սեփական պետությունից՝ կողքից դիտելով, թե ինչպես է Նիկոլը սողում թուրքերի ոտքերի տակ՝ պահպանելու սեփական իշխանությունը:
Այսպիսով՝ Նիկոլի հայտարարությունները պետք է դիտարկել որպես հերթական մանիպուլյատիվ հնարք, որի նպատակը ՔՊ-ին ժողովրդավարական դեմք հաղորդելն ու «կերած բողկերի» պատասխանատվությունը ժողովրդի վզին բարդելն է. Նիկոլի օրգանական կապը միայն թուրքերի հետ է: