Նիկոլի խաղաղության պատրանքը


14:23 , 30 սեպտեմբեր, 2025
Փորձելով հիմնավորել, որ ՔՊ-ն խոսքից ու խոստումներից «թռնող» ուժ չէ՝ Նիկոլը հայտարարել է, թե 2021-26թթ.-ի Կառավարության ծրագրի ամենահիմնական ու մեծագույն դրույթ-պարտավորությունը հռչակվել է խաղաղ զարգացման դարաշրջան բացելը՝ հստակեցնելով, որ մյուս թեմաները սրա նկատմամբ ստանում են երկրորդական բնույթ: Նիկոլը պնդել է, թե իրենք իրենց մեծագույն պարտավորությունը կատարել են: «Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններում, և պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարագի հաղթանակի վերահաստատումը»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Նիկոլի պնդումը, թե իրենք այս տարիներին բերել են խաղաղություն, մեղմ ասած, մանիուլյատվ է. 2020-ից հետո Հայաստանը ոչ թե մտել է խաղաղության դարաշրջան, այլ՝ ամենախորը անվտանգային ճգնաժամի փուլ։ Արցախը 2023-ին ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Հայաստանի սահմանները շարունակում են մնալ խոցելի՝անկախ TRIPP կոչվածից։ Նիկոլի կառավարությունը խաղաղություն նույնացրել է միակողմանի զիջումների հետ՝ առանց երաշխիքների։ Արդյունքում խաղաղության փոխարեն Հայաստանը կանգնել է նոր սպառնալիքների առաջ։ Փաստ է նաև, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս ավարտված չեն, և որևէ փաստաթուղթ չկա, որը կերաշխավորեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այսպիսով՝ «խաղաղության դարաշրջանի բացում»-ը ավելի շատ քարոզչական հնարք է, քան փաստացի իրողություն։ Ինչ վերաբերում է պատմությանը կամ նրան, թե ինչ կարող է պատմականորեն տեղի ունենալ, ինչ՝ ոչ, ապա նկատենք, որ Նիկոլի օրակարագը պարտադրված զիջումների օրակարգն է մի դեպքում, երբ հայ ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունը երբեք չի եղել միակողմանի զիջումների արդյունք։ Ընդհակառակը՝ այն ձեռք է բերվել ուժեղ պետականության և դիվանագիտական հավասարակշռության միջոցով։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անպատրաստ և թույլ պետությունները դառնում են նոր ճնշումների զոհ։

Այսպիսով՝ Նիկոլի թեզերը ոչ միայն չեն արտացոլում իրականությունը, այլև վտանգավոր են, քանի որ հասարակությանը մոլորեցնում են՝ խաղաղության պատրանքի տակ թաքցնելով պետականության թուլացումը։