10:33 , 3 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թեև ՄՄ-ին միանալու մեծ ցանկությանը՝ ՀՀ իշխանությունները հայտարարում էին, թե պատրաստ են ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի, որն, ըստ էության, միայն տնտեսական համագործակցության մասին է: Միևնույն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել էր նաև ԵվրԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Ի՞նչ հաշվարկով էին առաջնորդվում ՀՀ իշխանությունները՝ հայտնելով ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին, եթե Հայաստանն ամեն դեպքում, ըստ ՀՀ նախագահի, պետք է դառնար ԵվրԱզԷՍ-ի հիմնադիր պետություններից մեկը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ արտգործնախարարի նախկին խոսնակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արա Պապյանը, անդրադառնալով այս հարցերին, նշեց, որ ակնհայտ է՝ Մաքսային միությունը քաղաքական ծրագիր է, ուստի եթե Հայաստանն ընտրում է ՄՄ-ն, ընտրում է Եվրասիական միությունը, քանի որ ՄՄ-ն Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների առաջամարտիկն է, իսկ ՄՄ-ին միանալը մեծագույն քաղաքական որոշում է և ոչ թե տնտեսական պայմանագիր է, այլ քաղաքական ընտրություն:
«Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցություն: Եթե որևէ քաղաքական համագործակցության համար տնտեսական հիմք չի ստեղծվում, ապա մենք առավելագույնս ունենք այն, ինչ ունենք, շատ ավելի կրճատվելու է, քանի որ ՄՄ-ն իր պայմաններն է թելադրում: Իսկ իշխանությունները հայտարարում են ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին, որպեսզի ՀՀ-ի ինքնամեկուսացումն ավելի սահուն տեղի ունենա: Հայաստանը ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի հետ գնալու է մի ճանապարհով, շուտով երկաթե վարագույրն իջնելու է, և մնալու ենք դրա մի կողմում»,- նշեց Արա Պապյանը:
Վերջինիս կարծիքով` այսուհետ ՀՀ-ն ինչ-որ ձևական համաձայնագիր կարող է ստորագրել ԵՄ-ի հետ, որը բովանդակություն չի ունենա, կլինի հայտարարության նման մի բան, իսկ Ասոցացման համաձայնագիրը ներառում էր բազմաթիվ ոլորտներում կոնկրետ ծրագրեր, ազատ առևտրի իրավունք, որով Հայաստանը դառնում էր ԵՄ-ի համար նախընտրելի գործընկեր, այսինքն` հնարավորություն էր տրվում շտկել ՀՀ մեջքը, որից ՀՀ-ն չօգտվեց:
«Վախ ունեմ, որ առաջիկա 50 տարում նման շանս չունենանք»,- նկատեց Արա Պապյանը: