00:21 , 30 սեպտեմբեր, 2025Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակի զինծառայողը ահազանգել է իրենց զորամասում տիրող բարձիթողի վիճակի մասին, և թե ինչպես են վերադասի կին զինծառայողները վերաբերվում իրենց հետ։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Շամշյանի հետ զրույցում զինծառայողը ասաց․ «Մեր զորամասում, որտեղ բոլորը կանայք են, վերադասը իրեն առավելություն է տվել և մեր հետ վարվում ու խոսում է այնպես ինչպես ցանկանում են։ Անգամ մարզումների ժամանակ հղիներին ստիպում են հագնել զրահաբաճկոն և զենք, զինամթերով վազել 3 կամ 10 կմ։
Մեր զորամասում հրամանատարությունը շատ վատ է վարվում զորքի հետ։ Վիրավորում են մեր արժանապատվությունը և պատիվը։
Մի անգամ ստիպված լքել եմ զորամասը, որ գնամ ՀՀ Պաշտպանության նախարարություն, որպեսզի տեղեկացնեմ թե ինչ է կատարվում, սակայն ճանապարհին ինձ զանգեցին Ռազմական ոստիկանությունից և գնացի պատմեցի ամեն ինչի մասին ու նրանք ասացին, որ իրենք քրեական գործ կբացեն վերադասի վրա, սակայն այդպես էլ «սայլը տեղից չշարժվեց»։
Մեր զինծառայողները վախից ելնելով է, որ այսքան ժամանակ չեն բողոքել, բայց բոլորն էլ դժգոհում են։ Մեր սպայական կազմը մեզ անգամ ասում է, որ իրենց ռազմական ոստիկանությունով չվախեցնենք, նրանք ոչինչ են իրենց դեմ»։
Այս լուրի հրապարակումից հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան «Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում տեղի ունեցած դեպքի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ հայտնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 23-ին N զորամասի պայմանագրային զինծառայողը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել, որը ուղարկվել է նախաքննական մարմին` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»: