Կեղծ ընդդիմադիր խաղաքարտը օգտագործվում է այնպես, որ անձնական, անվանական իմիջի վրա ազդեցություն չկարողանա ունենալ


09:41 , 3 հոկտեմբեր, 2013

Զարուհի Փաստանջյանի՝ Սերժ Սարգսյանին հնչեցրած հարցը հակասական գնահատականների արժանացավ, նույնիսկ սկսեցին սոցցանցերում խոսել, թե, իբր, դա եղել է նախագահականում ծրագրված, որպեսզի ցույց տրվի, թե ինչ հանդուրժող նախագահ է Հայաստանի նախագահը՝ ի հակադրություն հարևան երկրի: Նախ, դիվանագիտական ասպարեզում, որևէ երկրի ղեկավարի պատիվ չի բերում իր իշխանությունն անվանել քվեի գողություն: Դիվանագիտության մեջ հաճախ կարևոր է իմիջը, քան քրեական արարքների վկայակոչումը, որովհետև հեղինակազուրկ լիդերին չեն հարգում: Կազինոյում 70 միլիոն պարտվելու մասին հարցը այդ հեղինակության ստվերման լուրջ, չափազանց լուրջ հարցադրում է: Կեղծ ընդդիմադիր խաղաքարտը օգտագործվում է այնպես, որ անձնական, անվանական իմիջի վրա ազդեցություն չկարողանա ունենալ, այդ դեպքում Փաստանջյանը կարող էր, ասենք, հարցնել մաքսայինի օգտին կայացրած անսպասելի որոշման մասին կամ այնպիսի հարց, որը ոչ թե ԱՆՁՆԱԿՆ իմիջը հեղինակազրկող, այլ քաղաքականությունը, թեկուզ ոչնչացնող, հարցադրում կլիներ: Ի վերջո, նախագահը ԵԽԽՎ-ում ոչ միայն ու ոչ այնքան ներկայանում էր հայ ժողովրդին, որպեսզի դրանից հայրենասերի կերպարի դիրքավորում ապահովեր իր համար, այլ ներկայանում էր եվրոպական հանրությանը, իբրև սուվերեն պետության լիդեր, ով վերջերս սեփական կամքով է կայացրել Մաքսային միության օգտին որոշումը: Ուրեմն, ինչպե՞ս կարող էր Սարգսյանը ներկայանալ հերոս Փոստանջյանի հնչեցրած հարցի ներքո, որը, մեղմ ասած, հերոսին անվայել վարքի վկայակոչում է: Եվրոպայում նման վարքագիծը չեն հարգում: Ամենավառ օրինակը Գերմանիայի նախագահ Վուլֆն է, ով ստիպված հրաժարական տվեց հենց այն բանի համար, որ նրան մեղադրեցին հյուրասիրվելու համար: