Արամ Մուղալյանի կյանքին վտանգ է սպառնում


07:26 , 3 հոկտեմբեր, 2013

Hetq.am-ը գրում է.

Արդեն 6 օր հացադուլի եւ 2 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանի առողջական վիճակը վատ է եւ բժիշկների հսկողության խիստ կարիք է զգացվում:

Արամի փաստաբան Վահե Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արամի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նա 48 ժամից ավելի ջրադուլի մեջ է:

«Եթե բժիշկներից հարցնեք՝ կհաստատեն, որ 3 օրն արդեն կյանքի համար վտանգավոր է, այսինքն` վաղը կրիտիկական վիճակ կսկսվի»,-ասում է Վ. Գաբրիելյանը:

Փաստաբանը կոչ է անում Արամ Մուղալյանի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ բացառվի նրա կյանքին սպառնացող վտանգը:

Տեղեկացրել էինք, որ օրեր առաջ կալանավայրից ծնողներին ուղարկած անգլերեն լեզվով նամակով Արամն ասել էր, որ «պատրաստ է թեկուզ արյան գնով հասնել արդարության»:

Հիշեցնենք, որ Արամն ու իր ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի`այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով տղաները հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հակերից մեկը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում:

Տղաներն իրենց մեղքը չեն ընդունում եւ արդար դատաքննության դեպքում վստահ են, որ կհասնեն արդարացման: Տուժող Սիաբանդ Խուդոյանը հերթական դատաքննություններից մեկի ժամանակ լրագրողներին ասաց, որ տղաների դեմ բողոք չունի եւ ցանկանում է, որ նրանք ազատության մեջ լինեն:

Գրիշա Բալասանյան