Քաղաքական համակարգը անընդհատ սնվող կենդանի օրգանիզմ է որն ունի հստակ խաղի կանոններ


23:42 , 2 հոկտեմբեր, 2013

Հայաստանում, այսօր, ռեժիմի ոչ կոմպետենտ իրացման մեխանիզմը պատկերել է այնպիսի իրականություն, որը տանում է ինքնաոչնչացման անխուսափելի ճանապարհով: Քաղաքական համակարգը կենդանի օրգանիզմ է. դրա նորմալ գործառնականության ապահովման համար պետք է միշտ սնել քաղաքական, տնտեսական, գաղափարական արժեքներով: Յուրաքանչյուր համակարգի զարգացում ենթադրում է նոր իրականության նկատմամբ մշտական և շարունակական ադապտացիայի կարողությունների աճ: Դրա համար այն պետք է միշտ հետևողական լինի իր «մուտքի» (հանրային պահանջմունքներ, աջակցություններ. վերջինը հենց լեգիտիմությունն է) և ելքի (պետական որոշումներ, գործունեություն) ֆունկցիաների անխաթար կատարմանը, որոնք իրար հետ կապված են հետադարձ կապի մեխանիզմով:Եթե վերոնշյալ կանոնը չի աշխատում, ապա համակարգի գոյությունը վտանգի տակ է:Այս պարագայում գործում է 2 սցենար.
1. Հանրային անկայունացնող. եթե չի աշխատում «ելքի» ֆունկցիան, ապա «մուտքը» չի ապահովվում կամ այդ «մուտքը» դրսևորվում է ճիշտ հակառակ եղանակով, օրինակ՝ բունտեր, ցույցեր:Արդյունքում, համակարգի «մուտքի» ֆունկցիայից մնում է միայն պահանջմունքայինը, որը մեծանում է ի հաշիվ աջակցությունների, որն էլ անկայունացնում է համակարգի ստատիկ վիճակը:

2. Ներիշխանական անկայունացնող. քաղաքական, տնտեսական, հատկապես, դեմոգրաֆիական վակուումը վերջնականապես խարխլում է խաղի բոլոր կանոնները, և այն, այլևս, դառնում է խորը ճգնաժամային՝ կործանելով ինստիտուցիոնալ և կառուցվածքային ողջ համապատկերը և պոտենցիալը: Այսպիսով, նաև, կորչում է համակարգի ինքնակարգավորման ռեսուրսը: Ուղղակի անհնար է համակարգի շարժի նորմալ ընթացք, առանց այդ «շարժիչի» մեխանիզմների պահպանման:

Եթե քաղաքական, նորմատիվային, մշակութային ենթահամակարգերը միմյանց փոխլրացնում են և դրանցից մեկի տկարացումն առաջ է բերում մյուսների միջամտությունը, ապա այդ բոլորի ախտահարումը կործանարար հետևանքներ ունի: Գուցե սա չափազանց դասական է հնչում, բայց համակարգը, ինչպես նշվեց, անընդհատ սնվող, կենդանի օրգանիզմ է, որն ունի հստակ խաղի կանոններ, և որևէ ռեժիմ, լինի ավտորիտար, տոտալիտար, թե դեմոկրատական, չի կարողացել և չի կարող գոյատևել առանց դրանք հաշվի առնելու: