Նիկոլի սարկազմը ոչ մի կերպ չի փարատում առկա հիմնավոր կասկածները


14:43 , 19 սեպտեմբեր, 2025
Անդրադառնալով գործակալ լինելու վերաբերյալ մեղադրանքներին՝ Նիկոլը հայտարարել է. «Եթե տվյալների որևէ նշույլ անգամ գոյություն ունենար գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, այդ իշխանությունը պետք է դներ սեղանին, ասեր՝ տեսեք՝ այս ինչ է կատարվում: Հիմա գնացել-մտել են դիվանների տակ, դիվանի տակից ուղերձնե՞ր են հղում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դուրս գալ: Թույլ չի տալու: Իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է և այլ կերպ չի լինելու»:

Նիկոլի այսօրինակ հայտարությունը խոսում է այն մասին, որ նա նախընտրում է իրեն ընդդիախոսողներին հեգնելու ճանապարհը՝ չհասկանալով, որ նման հռետորաբանությունը չի կարող ծածկադմփող անել իրականությունը: Գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք նրա վարած քաղաքականությունը համընկնո՞ւմ է Հայաստանի ազգային շահերի հետ, թե՞ այն նպաստում է մեր հակառակորդների օրակարգին։ Փաստն այն է, որ վերջին տարիներին նրա որոշումները՝ կապված Արցախի հարցի, սահմանային անվտանգության և տարածաշրջանային համագործակցության հետ, փաստացիորեն թուլացրել են Հայաստանի դիրքերը՝ զրոյացնելով «Հայաստան» եզրի նշանակությունը։ Նիկոլը փորձել է ներկայացնել իրեն որպես ազգային շահերի պաշտպան, սակայն նրա գործնական քայլերը բերում են այնպիսի արդյունքների, որոնք կցանկանար տեսնել Թուրքիան՝ թուլացած և կախվածություն ունեցող Հայաստան՝ առանց ռազմավարական դաշնակիցների և առանց ուժեղ պաշտպանական դիրքերի։

Ինչ վերաբերում է Նիկոլի այն հայտարարությանը, թե եթե ինքը գործակալ է, ապա նախկին իշխանությունները 2018-ին պարտավոր էին հրապարակել փաստեր, ապա նկատենք, որ դա առկա հիմնավոր կասկածները չի ցրում. շատ հնարավոր է, որ իշխանությունը վերցնելուց հետո է հավաքագրվել կամ հավաքագրումը տեղի է ունեցել այնպես, որ ոչ ոք գլխի չի ընկել. վերւջիվերջո չարժե թերագնահատել թուրքական հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմն ու չխոստովանել փաստը, որ նրանց հատուկ ծառայությունների հնարավորությունները մի քանի անգամ ավելի մեծխ են, քան ՀՀ ԱԱԾ-ին է: