Կալիֆոռնիայում արգելել են ինտիմ լուսանկարների հրապարակումն առանց դրանցում պատկերված անձանց թույլտվության


21:09 , 2 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիա նահանգի կառավարությունը հոկտեմբերի մեկին օրենք է ստորագրել, որն արգելում է համացանցում մերկ մարդկանց լուսանկարներ տեղադրել առանց վերջիններիս թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Այն լուսանկարների տեղադրումը, որտեղ կարելի է ճանաչել մարդուն, օրենքը դասում է ոչ ծանր հանցագործությունների թվին: Օրենքը խախտելու համար նախատեսված առավելագույն պատիժը վեց ամսվա ազատազրկումն ու հազար դոլար տուգանքն է: Օրենքն անմիջապես ուժի մեջ է մտել: 

Օրենքի հեղինակ, սենատոր Էնթոնի Կանելլան հայտարարել է, որ այն առաջին հերթին կոչված է մարդկանց պաշտպանելու նախկին սիրեցյալներից, ովքեր բաժանումից հետո ձգտում են համացանցում տեղադրել հարաբերությունների ժամանակ արված լուսանկարներն ու տեսագրությունները: Կանելլան նշել է, որ «պոռնո-վրեժի» թեման հատկապես արդիական է դարձել սոցիալական ցանցերի դարաշրջանում: 

Այս օրենքի ընդունումից առաջ Կալիֆոռնիա նահանգի բնակիչները կարող էին իրենց մերկ լուսանկարներն ու տեսագրությունները հրապարակած անձանց դատի տալ: Ամերիկյան որոշ իրավապաշտպաններ դեմ են հանդես եկել նշված օրենքին՝ հայտարարելով, որ այն խախտում է խոսքի ազատության իրավունքը: 

Մերկ լուսանկարների կամ տեսագրությունների հրապարակումները համացանցում հաճախ ողբերգական հետևանքներ են ունենում հատկապես դեռահասների շրջանում: 2009 թ. Օհայո նահանգից 18-ամյա մի աղջիկ ինքնասպան էր եղել այն բանից հետո, երբ նրա նախկին ընկերը նրա մերկ լուսանկարները բաժանել էր իր ընկերներին: