«Հրապարակ». Իմ զայրույթը չպետք է ընկալվեր որպես պաշտպանություն Փաշինյանին


09:52 , 18 սեպտեմբեր, 2025
Քաղպայմանագրից վտարված, ՄԱՍԿ կուսակցություն հիմնած ԱԺ պատգամավոր Աղազարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն օրերս «դեբոշ» են սարքել լրագրող Դավիթ Սարգսյանի հրավիրած բանավեճի ընթացքում: Աղազարյանը մինչեւ բանավեճը սկսելը Պետրոսյանին խնդրել էր բանավեճի ընթացքում չվիրավորել, չպիտակավորել իր նախկին կուսակիցներին, Պետրոսյանը համաձայնել էր, սակայն բանավեճի ընթացքում խախտել էր պայմանավորվածությունը։ Հաղորդումն ընդհատվել էր, քանի որ հյուրերը փորձել էին բռունցքները գործի դնել:
Տեղի ունեցածից հետո համացանցում քննարկումների տեղատարափ սկսվեց այն մասին, որ նախկին նիկոլական չի լինում, որ Հովիկ Աղազարյանը Փաշինյանի պրոյեկտն է եւ մինչ այժմ էլ ծառայում է նրան եւ անգամ վերջինիս թասիբին է կանգնում եթերում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ամենավերջին ձեւով խայտառակել էր Աղազարյանին, վերջինիս խիստ անձնական նամակները դարձրել հանրության քննարկման առարկա եւ այլն: Մենք զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ:

- Պարոն Աղազարյան, պաշտպանելով, կամ ինչպես ժողովուրդն է ասում` «դոշ տալով» Փաշինյանի համար, շատերի կարծիքով` Դուք, ինչպես առաջ, այնպես էլ հիմա` համակրում եք վարչապետին եւ այն բոլոր քննադատությունները, որ պարբերաբար հնչեցնում եք` կեղծ են: Տեղի ունեցածը չի՞ խանգարի հետագայում ձեր գործունեությանը:

- Եթե իսկապես նայել եք այդ հեռուստաշոուն որտե՞ղ տեսաք, որ ես Փաշինյանին պաշտպանել եմ:

- Գեւորգ Պետրոսյանը մի քանի անգամ ասաց. «Նիքոլ փաշին», Դուք դրանից խիստ վրդովվեցիք, բարկացած, Պետրոսյանին վիրավորեցիք, անգամ բանը հասնում էր ծեծկռտուքի: Դա պաշտպանել չէ՞:

- Եթե ինձ մոտ ինչ-որ մեկի հասցեին վիրավորական արտահայտություններ են անում, ես խնդրում եմ, որ չանեն նման բան, որովհետեւ եթե մարդը ներկա չէ եւ չի կարող պաշտպանել իրեն, հակադարձել, ապա դուրս է գալիս, որ բամբասում ենք: Բայց ես անգամ նախկին երեք նախագահների հասցեին ինձ թույլ չեմ տվել վիրավորական բառեր ասել, հետեւաբար ես չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկի, հատկապես իմ նախկին գործընկերների մասին վիրավորական խոսքեր ասեն: Դա շատ տգեղ է: Ընդ որում, նախքան դեբատի մեկնարկը, ես խնդրեցի պարոն Պետրոսյանին, ես նրան նախապես էի խնդրել, քանի որ տեղյակ եմ իր բառապաշարին: Մենք պայմանավորվել էինք, որ իմ նախկին գործըկներիների մասին ոչ մի վիրավորական խոսք չպետք է հնչի, քննադատական` խնդրեմ, վիրավորական` ոչ: Ընդ որում նա ինձ հարցրեց, թե ո՞րն է վիրավորականը, ես նրան մի քանի դրվագ ներկայացրի, այդ թվում նույն «նիքոլ փաշին»-ը, որովհետեւ դա կա իր բառապաշարի մեջ, բայց նա կամ մոռացավ, կամ` նպատակադրված կրկնեց այդ արտահայտությունը: Բայց, գիտեք ինչ, ես չեմ համարում, որ այդ քայլով ես Փաշինյանին պաշտպանել եմ: Հասարակության մի շերտ կարծում է, թե ես նիկոլական եմ, Նիկոլի պրոյեկտն եմ: Ես կասեմ հետեւյալը` մի կողմ թողնելով, որ շատ հարցերում համակարծիք չեմ նրանց հետ, մի կողմ թողնելով, որ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանն իրեն սպառել է` բոլոր առումներով: Նիկոլ Փաշինյանը ավտորիտար ղեկավար է եւ այլն: Ես ունեմ նաեւ խնդիրներ անձնական հարթության վրա, սակայն ես երբեք քայլ չեմ անի այն ուղղությամբ, որ մարդիկ կարծեն, թե ես Նիկոլի պրոյեկտն եմ: Ինչ վերաբերում է անձնական մտքերին, իմ զայրույթը չպետք է ընկալվեր որպես պաշտպանություն, կամ աջակցություն Փաշինյանին:

- Ուզում եք ասել, որ եթե նախկին երեք ղեկավարների հասցեին էլ նման կերպ արտահայտվեն, Դուք էլի՞ նման էմոցիոնալ եւ կտրուկ կարձագանքեիք:

- Դեպք է եղել, որ ինձ հարազատ մարդկանցից մեկը Սերժ Սարգսյանի մասին գրառում է արել եւ անունը փոքրատառով է գրել, ես նրա ձեռքին խփել եմ եւ հորդորել կարգին գրել:

- Պնդում եք, որ Փաշինյանին չեք պաշտպանում, բայց թույլ չեք տալիս, որ նրանց վիրավորեն: Իսկ նրանք Ձեր նկատմամբ համարժե՞ք վերաբերմունք ունեն: Օրինակ, մենք հիշում ենք, որ Ձեր նախկին թիմակիցներից շատերը Ձեզ նույնիսկ չցավակցեցին, երբ մահացել էր Ձեր կինը:

- Անձնական հարց է սա, չեմ խոսի, սակայն կասեմ մի բան, որ Նիկոլ Փաշինյանը մեր պաշտպանության կարիքը, մեծ հաշվով, չունի: Քաղաքական գործընթացներ են, ես կարծում եմ, որ նա սխալներ է թույլ տալիս, եւ ամեն ինչ պետք է անեմ իմ համեստ անձով, այդ սխալների դեմն առնելու համար:

- Չունե՞ք մտավախություն, որ այս ամենը կարող է ազդել Ձեր հետագա վարկանիշի վրա, եւ մարդիկ նաեւ Ձեզ կմերժեն, Ձեզ կհամարեն ՔՊ-ի կցորդը:

- Մտավախություն կա ու եղել է: Մինչ այն պահը, երբ ինձ վռնդեցին կոսակցությունից, ես բոլոր որոշումների համար պատասխանատու էի եւ համաձայն: Անկախ այն բանից, թե որքանով ձայն կտան ինձ եւ պարոն Ասլանյանին, այնքանով էլ կարտացոլվեն ըտրությունների արդյունքում:

- Ասում եք` շատ հարցերում համաձայն եք իշխող թիմի հետո: Ո՞ր հարցերում:

- Օրինակ, ես գտնում եմ, որ պետությունը ճիշտ է անում, որ չի զբաղվում արցախցիների հարցերով, սակայն սխալ է անում իշխանությունը, երբ պայքարում է նրանց դեմ, ովքեր զբաղվում են այդ հարցերով` եկեղեցի, անհատներ եւ այլն:

- Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Չասեմ, որովհետեւ եթե խոսեմ, ջուր կլցնեմ մեր թշնամական պետության ջրաղացին: