«Վոինը» մտածելու տեղ չունի՞
16:00 , 17 սեպտեմբեր, 2025
Արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Ռուբինյան Ռուբիկի՝ 2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին հայտարարությանը՝ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Հասանգուլիև Գուդրաթը հայտարարել է, որ եթե վերջնական խաղաղության պայմանագրում Հայաստանը պարտավորվի ապագայում փոփոխություններ կատարել իր Սահմանադրության մեջ, ապա դա կարող է հիմք դառնալ համաձայնագրի ստորագրման համար։ «Ադրբեջանի կողմից նման քայլը լրջորեն կսահմանափակի խաղաղության դեմ հանդես եկող արմատական և ռևանշիստական ուժերի հեռանկարները Հայաստանում։ Եթե Փաշինյանին տապալեն, ապա մենք չենք կարող հասնել երկրի Սահմանադրության փոփոխությունների»,-մասնավորապես՝ ասել է թուրքը:
Գուդրաթը խոստովանել է, որ իրենց գերխնդիրը Նիկոլին վերարտադրելն է. պետք է դա անեն, որ Հայաստանի Սահմանադրությունը համապատասխանեցվի Էրդողանի քիմքին, որպեսզի Ադրբեջանն իսկապես դառնա Կովկասի թիվ մեկ երկիրը՝ ստանալով զարգացման անասելի մեծ հեռանկարներ: Այսինքն՝ ՔՊ-կան իշխանության գոյությունը դառնալու է երաշխիք, որպեսզի Բաքուն ծաղկի ու դառնա այն Թուրանի կարևորագույն հանգույցը, որը կառուցում է արևմտաթուրքական տանդեմը:
«Պատիվ ունեմ»-ը մտադիր է Նիկոլի իմպիչմենտի հարցը լուծել արմատապես. գալիս է պահը, երբ ընդդիմության ներսում բոլորը ստիպված են լինելու «դեն նետել դիմակները» ու ինքնաբացահայտվել: Արդյոք տխրահռչակ «վոինը» հետևո՞ւմ է ադրբեջանական ԶԼՄ-ներին, լսո՞ւմ է Ադրբեջանից հնչող բավական բաց հայտարարությունները, թե՞ տարված ծովափնյա վայելքներով՝ նախընտրում է չծանրաբեռնել սեփական գլուխը…
Եթե Նիկոլին չհաջողվի հեռանցել արտակարգ եղանակով, ապա նրա ապագա վերարտադրությունը գրեթե 100%-ոց իրողություն կարելի կլինի համարել՝ վերարտադրություն, որի պատճառով Հայաստանը դե ֆակտո դառնալու է սանջակ, իսկ Ադրբեջանը՝ իրական գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, ինչը տեսանելի ապագայում կարող է առաջացնել Հայաստանի՝ աշխարհի քարտեզից ջնջվելու իրական վտանգ. Թուրքերն ուղղակի հարմար պահ են փնտրում, որ վրեժ լուծեն: