«Ես հաճախ եմ սխալվում». Էլիզ Մելիքյանի անկեղծ գրառումը


11:42 , 16 սեպտեմբեր, 2025

Արամ Մելիքյանի դուստրը՝ Էլիզը, շարունակում է ակտիվ հրապարակումներով կիսվել ինստագրամյան հարթակում։ Օրերս բլոգերը նոր անկեղծ գրառում է արել.

«Ես երբեք չեմ փորձում ձևացնել, թե ամեն ինչ ճիշտ եմ անում։ Անկեղծ ասած՝ ես հաճախ եմ սխալվում. երբեմն փոքր բաներում՝ մոռացված զանգեր, չավարտած գործեր, չասված կամ ասված բառեր… Երբեմն էլ մեծ բաներում՝ ընտրություններում, մարդկանց մեջ կամ անգամ իմ հարցում…

Երկար ժամանակ սխալվելը ինձ համար մեծ վախ էր։ Ամեն սխալվելս ասես ինձ ապացուցեր, որ ես «բավարար լավը» չեմ։ Ժամանակ առ ժամանակ այս զգացողությունը թուլանում է, մեկ-մեկ էլ հետ գալիս։

Ժամանակի հետ սկսել եմ հասկանալ, որ սխալվելը իրականում թուլություն չէ՝ այլ ճանապարհ, իսկ ամեն մի առանձին սխալ այդ ճանապարհի մի դաս, որն օգնում է առաջ գնալ։ Սրանք այն դասերն են, որոնք սերը չի տալիս։

Երբ ես իմ սխալին ոչ թե մեջքով եմ կանգնում, այլ դեմքով՝ ուղիղ նայելով աչքերի մեջ՝ գիտակցելով, որ դա էլ է իմ կյանքի մի մասը, այդ պահին կարծես ավելի եմ ուժեղանում, ավելի գիտակից դառնում ու աճում։

Սխալներս ցույց են տալիս թե ինչ չեմ ուզում ու մոտեցնում նրան, ինչը իմն է։ Սխալվելով հասկանում եմ արդյո՞ք իմ կյանքն եմ ապրում, թե ուրիշինը։ Չեմ ուզում ռոմանտիզացնել սխալվելն ու դրանով քաջալերել բոլորին սխալվել։

Հակառակ կողմից սխալվելը ցավոտ է, երբեմն անտանելի ցավոտ։ Այն իր հետ բերում է կորուստներ՝ հոգում, սրտում, մտքում ու կյանքում։ Բայց եթե ոչ մեկ (ներառյալ ես ինքս) երբեք սխալ չաներ, միգուցե այսօր ես չլինեի:

Չեմ ուզում դաս տամ ոչ մեկին՝ ես ինքս միշտ դասերի կարիք ունեմ, բայց եթե դու էլ ես վախենում սխալվելուց կամ սխալվելու ցավ ես ապրում, ապա հիշիր՝ դա չի նշանակում, որ դու պարտվել ես՝ դա նշանակում է, որ դու ապրում ես, դու ճանապարհին ես ու հենց այդ ճանապարհն էլ քեզ կտանի դեպի քո առաքելություն»,- գրել է նա։