20:15 , 15 սեպտեմբեր, 2025Այսօր տեղի է ունեցել ՀՀ հակակոռուպցիոն դատարանների դատավորների համար նախատեսված «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դատական քննության ուղեցույց»–ի և «Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատական քննության ուղեցույց»–ի նախաավարտական տարբերակների քննարկմանը նվիրված աշխատաժողով։
Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»–ի ջանքերով «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ստեղծված այս ուղեցույցները վերջնական քննարկումից հետո վերախմբագրվելու են և հանձնվելու Հակակաոռուպցիոն դատարանի դատավորներին՝ որպես աշխատանքային ձեռնարկ։
Հանդիպմանը Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը շեշտել է, որ ուղեցույցների մշակումը բխում է ՀՀ կառավարության «Հակակոռուպցիոն ռազմավարությամբ» ստանձնած պարտավորություններից։ Նման ձեռնարկներ ունենալու հարցում նա կարևորել է միջազգային համագործակցությունը։ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»–ի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանն էլ ընդգծեց ուղեցույցների դերը՝ նշելով, որ դրանք կօգնեն դատավորներին՝ միջազգային և ներպետական հակակոռուպցիոն իրավական ակտերի բովանդակությանն օպերատիվ հասանելիություն ապահովելու հարցում։
Ուղեցույցների հեղինակ, փորձագետ Արա Ղազարյանը մասնակիցների քննարկմանն է ներկայացրել դրանց նախնական տարբերակները՝ նշելով, որ դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի են առնվելու ուղեցույցների վերջնական խմագրման փուլում։ Ոչ ակադեմիական ձևաչափով մշակված ուղեցույցներում ի մի են բերված «փողերի լվացմանը», կոռուպցիոն բնույթի մյուս հանցագործություններին, ապօրինի գույքի բռնագանձմանը վերաբերող իրավական ակտերի աղբյուրները, որոնք միտված են դատավորների աշխատաժամանակը խնայելուն։
Ուղեցույցներում դատավորները կարող են գտնել նաև համեմատական իրավունքին վերաբերող ուսումնասիրություններ, որոնք դատական ակտի կազմման հարցում օժանդակ նշանակություն կունենան։ Քննարկմանը մասնակցում էին հակակոռուպցիոն դատարանների դատավորներ, Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Ուղեցույցների մշակումը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբեր: