Ինչո՞ւ Թրամփն այդպես էլ չի սովորում «Armenia» բառը


13:26 , 13 սեպտեմբեր, 2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հերթական անգամ «Armenia»-ն անվանել է «Albania». «Fox News»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսելով վերջին շրջանում իր գործողությունների մասին՝ նա, մասնավորապես, ասել է․«Ես վերջ դրեցի անլուծելի համարվող պատերազմներին, այդ թվում՝ Ադրբեջանի և Ալբանիայի երկար տարիներ տևած պատերազմին»։

Նախորդ անգամ Թրամփը շփոթել էր նաև Ադրբեջանի անունը՝ այն աղավաղված արտաբերելով, իսկ այս անգամ, փաստորեն, դա տեղի չի ունեցել. միակ «տուժող կողմը» հայերս ենք դարձել:

Հարց է առաջանում՝ Թրամփն իսկապե՞ս չի կարողանում սերտել պետությունների անվանումները, թե՞ Հայաստանը հատուկ դեպք է,որ խոսում է շատ կոնկրետ՝ մեզ համար տխուր բաների մասին: Լավ, ԱՄՆ-ում չգտնվե՞ց մի հոգի, որ Թրամփին բացատրի, որ Ալբանիան ու Հայաստանը լրիվ տարբեր երկրներ են: Մակունց Լիլոն դա, ըստ երևութին, չի արել, նոր դեսպանը կանի՞, թե՞ ավելորդ կհամարի Թրամփին «մանր-մունր հարցերով» ծանրաբեռնել. ի՞նչ տարբերություն, թե Թրամփը Հայաստանն ինչ է կոչվում, կարևոր է, որ Նիկոլն է «Ալբանիայի» ղեկավարը, որ կարողացել է վերարտադրվելու համար ստանալ Արևմուտքի աջակցությունը: Ալբանիա չէ, թեկուզ Լեսոտո թող կոչեն, դրանից Նիկոլին ի՞նչ:

Ոմանք գուցե այս ամենում ավելին տեսնեն, գուցե դավադրություն կամ մեսիջ համարեն Թրամփի «լյապերը». վերջիվերջո հայերին ալբանացիներ են համարում մեկ էլ թուրքերը, որոնց հետ հարաբերությունները Թրամփը շատ է կարևորում: