Կոստանյանը նոր մարտահրավերներին կդիմակայի վստահության մեծ պաշարով


13:56 , 2 հոկտեմբեր, 2013

Եվ այսպես, խորհրդարանը 103 կողմ, 2 ձեռնպահ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրի գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գևորգ Կոստանյանին:

Բավականին անսպասելի ձևով, այս գործընթացի գլխավոր ինտրիգը դարձավ պատգամավորների փակ, գաղտնի ընտրության արդյունքը, երբ պարզ դարձավ, որ քվեարկությանը մասնակցած ու հրապարակայնորեն դեմ քվեարկելու մտադրություն հայտնած 8 պատգամավորներից միայն 3-ն են «դեմ» քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը:
Միաժամանակ պետք է փաստել, որ քվեարկությանը նախորդած` խմբակցությունների հետ հանդիպմանն ու հարցուպատասխանին, չնայած ընդդիմադիր պատգամավորների ակտիվությանը, որևէ մեկը Գ. Կոստանյանի համար տհաճ անակնկալ չստեղծեց. Կոստանյանը «դիմակայությանը» ներկայացել էր բավականին պատրաստված և նույնիսկ ընդդիմադիր գործիչներն են փաստում, որ նրա պատասխանները հստակ էին ու փաստարկված:
Երեկ, լրատվամիջոցների և սոցցանցերի քննարկման գլխավոր նյութը ընդդիմադիր գործիչների քվեարկության արդյունքն էր, յուրաքանչյուրը սեփական «հետաքննությունն» էր տանում՝ պարզելու, թե ովքեր են «դեմ գնացել իրենց խղճին» ու դավաճանել սեփական սկզբունքներին: Այս միջադեպը հիմք էր տվել պնդելու, որ ընդդիմությունը որպես այդպիսին վերջնական ֆիասկո է գրանցել:

Մի քանի խոսք ընդդիմության մասին. ընդդիմությունը ֆիասկո էր գրանցել դեռևս 2012-13 թվականների ընտրական ցիկլի արդյունքում, ու այսօր այն, ինչ ունենք խորհրդարանում, առավելագույնը ընդդիմության բեկորներ է: Ասվածը որևէ ձևով չափազանցված չէ: Հենց միայն այն հանգամանքը, որ «արմատական» ընդդիմության համարում ունեցող ՀԱԿ-ում և նախագահական ընտրություններում 37 տոկոս հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմավորած «Ժառանգություն» խմբակցություններում պառակտումներ եղան, ապացուցում է, որ այս ուժերը ոչ միայն ձախողել էին ընտրական գործընթացները, այլ լիարժեք ֆիասկո են ապահովել: Ավելին՝ նախագահական ընտրություններում մոտ կես միլիոն ձայն ստացած թեկնածուն, այդ ընտրություններից 6-7 ամիս հետո միայն մի քանի հարյուրանոց հանրահավաքներ է անցկացնում:

Ինչևէ, վերադառնալով բուն թեմային պետք է ֆիքսել, որ նրա հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ, այնտեղ կայացած հարցուպատասխանն ու բուն քվեարկության պրոցեսը նրա համար մեկնարկային լավ հնարավորություններ ստեղծեցին՝ առաջիկա մարտահրավերներին դիմակայելու վստահության մեծ պաշարի պայմաններում: